Փոքր ՀԷԿ-երի ջրօգտագործման թույլտվության սահմանափակում՝ վարչապետի հանձնարարականների շարքում

Փոքր ՀԷԿ-երի ջրօգտագործման թույլտվության  սահմանափակում՝ վարչապետի հանձնարարականների շարքում

PanARMENIAN.Net - Վարչապետ Կարեն Կարապետյանը հոկտեմբերի 27-ին կառավարության նիստի օրակարգին անցնելուց առաջ հանձնարարել է նախարարներին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում հոկտեմբերի 31-ին 2017-ի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ ոլորտները ավելի շատ ծրագրային բյուջետավորման ձևաչափով և կառավարության ծրագրային դրույթներից ելնելով ներկայացնել:

Վարչապետն ասել է, որ անհրաժեշտ է պատգամավորներին և հանրությանը մատչելի և հասկանալի ներկայացնել բոլոր այն մոտեցումներն ու սկզբունքները, որոնց ներքո ձևավորվել են բյուջեները:

Կարապետյանը նաև հանձնարարական է տվել բնապահպանության, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարներին: Այս նախարարությունները՝ համագործակցելով հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ, 15-օրյա ժամկետում պետք է ջրի ազգային խորհրդին ներկայացնեն փոքր հիդրոէլեկտրակայանների ջրօգտագործման թույլտվությունների և շահագործման լիցենզիաների տրամադրման ոլորտում տիրող ներկա վիճակի վերաբերյալ առաջարկություններ:

Այդ առաջարկությունները պետք է վերաբերեն 2009-ի հունվարի 22-ին կառավարության նիստի արձանագրային որոշմամբ հաստատված փոքր ՀԷԿ-երի զարգացման սխեմայի վերանայմանը:

Ըստ հանձնարարականի, պետք է անդրադառնալ Ախուրյան, Ձորագետ, Դեբետ, Ազատ, Արփա և Որոտան գետերի ավազաններում նոր հիդրոէլեկտրակայանների կառուցման և նոր ջրօգտագործման թույլտվությունների տրամադրման նպատակահարմարությանը, գրում է Aravot.am-ը:

Իսկ բնապահպանական խնդիրները մեղմելու համար էլ հանձնարարվել է անդրադառնալ 20 տարի շարունակ օգտագործված փոքր ՀԷԿ-երի համար նոր գնագոյացման մեխանիզմների կիրառմանը: Վարչապետի խոսքով՝ «Մենք արդեն ունենք բնապահպանական հնարավոր խնդիրներ այն գետերի վրա, որտեղ հիդրոէլեկտրակայանների քանակը ավելի շատ է նախատեսված, քան երևի պետք էր: Կարծում եմ, այնտեղ լուծումներ կան՝ ջրօգտագործման թույլտվությունների սահմանափակում:

Էներգետիկայի նախարարությունից ակնկալում ենք, որ իրենք այս հարցին մոտենան այնպես, որպեսզի էներգետիկ անվտանգության հետ կապված խնդիրներ չառաջանան: Մենք ունենք գետային ավազաններ, որտեղ փոքր ՀԷԿ-երը խիտ են դասավորված և կան խնդիրներ»:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն էլ առաջարկվել է այդ գետերի ցանկում ավելացնել Սևան թափվող բոլոր գետերը. այս առաջարկությունն ընդունվել է:

Բնապահպանները հավաճ ահազանգում են փոքր ՀԷԿ-երի պատճառով գետերի էկոլոգիական վիճակի վատթարացման մասին: Օրինակ, 2011-2012թթ.-ին Գեղարոտ գետի վրա «Գեղարոտ» և «Արագած-1» փոքր ՀԷԿ-երի կառուցումից և շահագործումից հետո, գետի էկոլոգիական վիճակը գնալով վատթարացավ, ներկայում դիտվելով խիստ ռիսկային և ճգնաժամային։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---