Գերմանիան քննադատել է Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ստամբուլյան համերգի չեղարկումը

Գերմանիան քննադատել է Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ստամբուլյան համերգի չեղարկումը

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված ստամբուլյան համերգի չեղարկումը Գերմանիայում բուռն դժգոհությունների ու քննադատությունների առիթ է տվել:

Deutsche Welle-ի թուրքական ծառայության տեղեկացմամբ՝ «Ձախերի» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Սառա Վագենքնեխթը հայտարարել է, որ այդ որոշմամբ դաշնային կառավարությունը ևս մեկ անգամ ծնկի եկավ Թուրքիայի նախագահ Էրդողանի առաջ:

Գերմանիայի արտգործնախարարության (ԱԳՆ) կողմից «Աղետ» խորագրով համերգի չեղարկումը բնութագրելով որպես ամոթալի քայլ՝ Վագենքնեխթը հռետորական հարց է ուղղել. «Մի՞թե դաշնային կառավարության վարած քաղաքականությունը Անկարայից է ղեկավարվում»:

Իսկ «Կանաչների» կուսակցության արտաքին քաղաքականության խոսնակ Օմիդ Նուրիփուրը նկատել է, որ փախստականների հոսքից վախի պատճառով Թուրքիայի հետ հարաբերությունները սպառած կառավարությունը ծնկի է եկել Էրդողանի առաջ:

Սաքսոնիա նահանգի մշակույթի նախարար Էվա-Մարիա Շտանգեն նշել է, որ «Աղետի» չեղարկումը շատ ցավալի է, քանի որ այդ համերգը կարող էր նպաստել թուրք և հայ ազգերի միջև հաշտության գործընթացին:

Դրեզդենի Սիմֆոնիկ նվագախմբի ղեկավար Մարկուս Ռինդտը հայտարարել է, որ ստամբուլյան համերգի չեղարկումն իրենց համար շատ անսպասելի և ցավալի էր: Նա նշել է, որ համերգը շուրջ մեկ տարի համատեղ նախապատրաստվում էր Գերմանիայի ԱԳՆ-ի և սիմֆոնիկ նվագախմբի կողմից:

Ռինդտը հաստատել է այն լուրը, որ թուրք բարձրաստիճան պաշտոնյաներին համերգի հրավիրատոմսեր ուղարկելը համաձայնեցված չի եղել ԱԳՆ-ի հետ: Նա հայտնել է, որ ԱԳՆ-ն ուշացնում էր այդ ոչ պաշտոնական համերգի հրավիրատոմսերի բաժանումը, իսկ իրենց համար շատ կարևոր է եղել «Աղետին» թուրք քաղաքական գործիչների ներկայությունը: Այդ պատճառով էլ նրանց հրավիրատոմսեր են ուղարկվել:

Համերգի չեղարկումից հետո Դրեզդենի Սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտները նամակ են գրել ԱԳ նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերին: Նամակում նրանք քննադատել են համերգ հետաձգելու ԱԳՆ որոշումը՝ այն անտրամաբանական համարելով:

Ավելի վաղ Սիմֆոնիկ նվագախումբը հայտարարել էր, որ այս համերգով իրենք ցանկություն ունեն նպաստելու հայ-թուրքական հարաբերությունների վերականգնմանը: Նախատեսվում էր, որ համերգից հետո կստեղծվի նաև գերմանա-հայ-թուրքական բարեկամության միություն, գրում է Ermenihaber.am-ը:

Դրեզդենի Սիմֆոնիկ նվագախումբը նոյեմբերի 13-ին համերգով պետք է հանդես գար Ստամբուլում Գերմանիայի գլխավոր հյուպատոսարանում: Հայոց ցեղասպանության 100.-րդ տարելիցին նվիրված համերգին նվագախումբը հրավիրել էր նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, վարչապետ Բինալի Յըլդըրըմին և ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուին:

Գերմանիայի ԱԳՆ հոկտեմբերի 26-ին հայտարարեց, թե նշյալ պաշտոնատար անձանց հրավիրատոմս ուղարկելու հագամանքը համաձայնեցված չի եղել իրենց հետ, ինչի պատճառով նոյեմբերի 13-ի համերգը չեղարկվեց:

Միաժամանակ ԱԳՆ խոսնակը նշեց, որ իրականում իրենք ուրախ են այս համերգի համար և աջակցում են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված նախագծին: Խոսնակը հավելեց է, որ իրենք կփորձեն առաջիկայում համերգի համար հարմար ժամանակ գտնել:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---