23 նոյեմբերի 2016 - 11:45 AMT
Վանա լճի հատակին խաչքարեր են հայտնաբերվել

Վանա լճի հատակի և ափամերձ տարածքի մաքրման աշխատանքներով զբաղվող թուրքական FİVA ընկերության աշխատակիցները խաչերով քարեր և թնդանոթի արկեր են հայտնաբերել:

Թուրքական Milliyet կայքը հաղորդում է, որ ընկերության աշխատակիցները հայտնաբերել են մեկ խաչով քար, ևս մեկ խաչով ու անցքով քար և թնդանոթի 2 հին արկ:

Ընկերության ներկայացուցիչ Այհան Դիշարըն ասել է, որ արդեն տեղեկացրել են Վանի թանգարանի տնօրինությանը գտածոների մասին և խնդրել ուսումնասիրություն անցկացնել, սակայն դեռևս որևէ արձագանք չեն ստացել:

«Կարծում եմ, որ լճի հատակին նման քարեր շատ կան»,- ասել է Դիշարըն:

2015-ին ներկայիս Թուրքիայի Իգդիր նահանգի Թուզլուջա շրջանում 13-14-րդ դարերին թվագրվող հայկական խաչքար էր գտնվել: Այնհայտնաբերվել է Կողբի Աշաղը կոչվող թաղամասում մասնավոր շինարարական աշխատանքների ժամանակ: