ՄԽ համանախագահ երկրները կոչ են անում Բաքվին ու Երևանին վերսկսել բանակցությունները

ՄԽ համանախագահ երկրները կոչ են անում Բաքվին ու Երևանին վերսկսել բանակցությունները

PanARMENIAN.Net - Համբուրգում ԵԱՀԿ նախարարական հանդիպմանը Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները` Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին և Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Մարկ Էյրոն հայտարարություն են տարածել, նշելով, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պետք է «ճկունություն ցուցաբերեն և վերադառնան բանակցությունների սեղանի մոտ»: Լավրովը, Քերրին և Էյրոն պատրաստակամություն են հայտնել հյուրընկալել երկու նախագահների հանդիպումը, «երբ նրանք դրան պատրաստ կլինեն», հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

«Մենք համոզված ենք, որ նախագահները պետք է բարեխղճորեն և հնարավորինս շուտ ներգրավվեն բանակցություններում: Նախագահների շարունակական և ուղիղ երկխոսությունը, համանախագահների հովանու ներքո, շարունակում է վստահության ամրապնդման և խաղաղ գործընթացն առաջ մղելու առանցքային բաղկացուցիչը մնալ: Եթե բանակցություններում առաջընթաց չարձանագրվի, նոր բախումների հավանականությունը շարունակելու է աճել, և կողմերը կրելու են դրա ամբողջ պատասխանատվությունը», - զգուշացրել են նրանք:

Ռուսաստանը, Միացյալ Նահանգները և Ֆրանսիան կոչ են անում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին վերսկսել բանակցությունները և հարգել նախորդ հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները վստահության ամրապնդման միջոցառումներ իրականացնելու մասին:

«Մենք կոչ ենք անում Բաքվին և Երևանին հարգել Վիեննայում մայիսի 16-ին և Սանկտ Պետերբուրգում հունիսի 20-ին տեղի ունեցած հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնց մասին համատեղ հայտարարություններ են հրապարակվել: Մենք ողջունում ենք կողմերի առաջընթացը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հովանու ներքո անհետ կորածների մասին տեղեկատվության փոխանակման հարցում: Մենք կոչ ենք անում վերացնել խոչընդոտները ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման հարցում և առաջընթաց արձանագրել ԵԱՀԿ-ի կողմից հետաքննական մեխանիզմի ստեղծման գործում: Այդ առաջարկները պետք է կյանքի կոչվեն անմիջապես կարգավորման բանակցությունների վերսկսման հետ»:

Լավրովը, Քերրին և Էյրոն նաև գնահատականներ են հնչեցրել ապրիլյան իրադարձությունների վերաբերյալ.«Ապրիլին շփման գծում բռնությունների դրամատիկ էսկալացիայի համատեքստում մենք մտահոգված ենք զինված բախումների շարունակմամբ, այդ թվում` ծանր հրետանու գործածությամբ, և խստորեն դատապարտում ենք ուժի և ուժի գործադրման սպառնալիքի կիրառումը: Այս հակամարտությունը ռազմական լուծում չունի, և քաղաքացիական անձանց շրջանում զոհերի և վիրավորումների համար որևէ արդարացում չկա: Մենք նաև տեղյակ ենք ապրիլին մարտի դաշտում տեղի ունեցած վայրագությունների մասին և խստագույնս դատապարտում ենք դրանք»:

«Կոչ ենք անում կողմերին վերահաստատել հակամարտությունը խաղաղ կերպով հանգուցալուծելու իրենց պատրաստակամությունը, որպես տարածաշրջանի ժողովուրդներին իրական հաշտեցում բերելու միակ ճանապարհ: Մենք նաև հորդորում ենք նրանց խստորեն պահպանել 1994/95թթ հրադադարի պայմանագրերը, որոնք հիմք են հանդիսանում հակամարտության գոտում պատերազմական գործողությունների դադարեցման համար», - ասված է հայտարարությունում:

Հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ՀՀ, ՌԴ և ԱՀ նախագահներ Սերժ Սարգսյանի, Վլադիմիր Պուտինի ու Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Դրա արդյունքներով կողմերն ընդունել են հայտարարություն, որում, մասնավորապես, նշվում է. «ՀՀ և ԱՀ նախագահները հաստատեցին ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանն ուղղված մայիսի 16-ին Վիենայում տեղի ունեցած վեհաժողովի պայմանավորվածությունների կատարումը: Այդ նպատակով, նրանք, մասնավորապես, պայմանավորվել են ավելացնել միջազգային դիտորդների քանակը հակամարտության գոտում: Նրանք գոհունակություն արտահայտեցին շփման գծում վերջին ժամանակաշրջանում հրադադարի ռեժիմի պահպանման կապակցությամբ»:

Մայիսի 16-ին Վիեննայի գագաթաժողով պայմանավորվածություններ են ձեռք բերվել՝ հիմնախնդրի խաղաղ կարգավորման հանձնառությունը, 1994-1995թթ. զինադադարի վերաբերյալ համաձայնագրերի անշեղ իրականացումը, հակամարտության գոտում առավել արդյունավետ մոնիտորինգի իրականացման և հետաքննության մեխանիզմի ձևավորման նպատակով ձեռնարկվելիք քայլերը, որոնք անհրաժեշտ պայմաններ կստեղծեն բանակցային գործընթացը վերսկսելու համար:

Ընթերցեք նաև. Նալբանդյանը՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին. Բաքուն չի կատարում ձեռք բերված պայմանավորվածությունները

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---