Վարչապետը հանդիպել է 10 խոշոր հարկատուներին. Քննարկվել են գերավճարների, մաքսազերծման, մրցակցության հարցեր

Վարչապետը հանդիպել է 10 խոշոր հարկատուներին. Քննարկվել են գերավճարների, մաքսազերծման, մրցակցության հարցեր

PanARMENIAN.Net - Վարչապետ Կարեն Կարապետյանը դեկտեմբերի 14-ին հանդիպել է Հայաստանի 10 խոշոր հարկ վճարող կազմակերպությունների ղեկավարներին՝ լսելու նրանց գործունեությանը խոչընդոտող խնդիրները և կառավարությունից սպասվող այն քայլերը, որոնք բարենպաստ պայմաններ կստեղծեն հետագա զարգացման համար:

Խոշոր հարկատուները, խոսելով իրենց հուզող խնդիրներից, բարձրաձայնել են հարկային գերավճարների մեծ չափերին, հարկային և մաքսային վարչարարության պարզեցմանը, մաքսազերծման ժամկետների կրճատմանը, մրցակցային դաշտին վերաբերող և այլ հարցեր:

Անդրադառնալով գերավճարների խնդրին՝ վարչապետը նշել է, որ հաջորդ տարի պետք է համատեղ աշխատել ՀՀ կառավարությանն առընթեր ՊԵԿ-ի հետ՝ կազմելով որոշակի ժամանակացույց:

Ի պատասխան հարցի, թե դիզվառելիքի շուկայում մրցակցության աշխուժացման արդյունքում խոշորագույն ներկրող ընկերություններն աշխատում են զրոյական շահույթով՝ վարչապետ Կարապետյանը նշել է, որ մրցակցային դաշտն ինքն իրեն կկարգավորի:

Հանրային ծառայություններ մատուցող խոշոր կազմակերպություններն, իրենց հերթին, բարձրացրել են ենթակառուցվածքների բարելավման և նորմատիվային դաշտի հետ կապված խնդիրներ:

Քննարկվել են նաև խոշոր հարկ վճարող ընկերությունների գործունեության ընդլայնմանը, արտադրական ծավալների ավելացմանը, տնտեսության հետագա զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր:

Կառավարության ղեկավարն առաջարկել է շահագրգիռ գերատեսչությունների հետ համատեղ ձևավորել հարթակ՝ բարձրացված խնդիրներն ավելի մանրամասն քննարկելու, մշտական կապի մեջ լինելու և պետություն-մասնավոր հատված երկխոսությունը զարգացնելու համար:

Դեկտեմբերի 8-ի կառավարության նիստին Կարեն Կարապետյանը հայտնել էր տասը խոշոր հարկ վճարողների, տասը խոշոր ներմուծողների, արտահանողների, խոշոր ներդրողների ու բանկերի հետ կայանալիք հանդիպումների ու տնտեսության աշխուժացման վերաբերյալ քննարկումների մասին:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---