Հայաստան-Վրաստան նոր էլեկտրահաղորդման գծի շինարարությունը կմեկնարկի 2017-ին

Հայաստան-Վրաստան նոր էլեկտրահաղորդման գծի շինարարությունը կմեկնարկի 2017-ին

PanARMENIAN.Net - Հայաստան-Վրաստան բարձրավոլտ նոր օդային գծի շինարարությունը կմեկնարկի 2017-ին: Ֆեյսբուքյան ասուլիսում ամփոփելով 2016թ. կատարված աշխատանքները՝ հայտարարել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը։

Նա տեղեկացրել է նաև, որ ծրագրի իրականացումը հնարավորություն կտա առաջին փուլում երկու երկրի միջև փոխհոսքերը հասցնել 350, այնուհետև՝ 700 մեգավատի։

Արդեն մեկնարկել է Իրան-Հայաստան բարձրավոլտ երրորդ գծի շինարարությունը։ Գծի կառուցումը նպատակ ունի մի քանի անգամ ավելացնել Իրանի հետ փոխհոսքերը։

Այս երկու համակարգային ծրագրի իրականացման արդյունքում Հայկ Հարությունյանի կարծիքով, Հայաստանն ունենալու է սկզբունքային նոր էներգահամակարգ։

«Դրանով հնարավորություն ենք ունենալու մոտ 3 անգամ ավելի շատ էլեկտրաէներգիա արտահանել, քան մեր ներքին շուկայի սպառումն է։ Սա լուրջ նախադրյալներ է ստեղծում տարածաշրջանային գործընթացներում կարևոր դերակատար դառնալու համար»,-ասել է փոխնախարարը։

Գերմանիայի զարգացման վարկերի բանկի (KfW), Եվրոպական Ներդրումային Բանկի և Եվրամիության Հանձնաժողովի՝ Հարևանության Ներդրումային Գործիքի (NIF) աջակցությամբ իրականացվող «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց (Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ)» ծրագիրը կմտնի գործնական փուլ։ Միաժամանակ կշարունակվեն Իրանի Արտահանման զարգացման բանկի կողմից տրամադրված վարկային միջոցների հաշվին՝ Իրան-Հայաստան 400 կՎ լարման նոր էլեկտրահաղորդման օդային գծի կառուցման աշխատանքները: Բարձրավոլտ այս գծերի թողարկումը կդառնա հյուսիս-հարավ էլեկտրաէներգետիկական միջանցքի ձևավորման հիմքը։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---