ԵԱՀԿ Մշտական խորհրդում քննարկել են երևանյան գրասենյակի մանդատի երկարաձգման հարցը

ԵԱՀԿ Մշտական խորհրդում քննարկել են երևանյան գրասենյակի մանդատի երկարաձգման հարցը

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ կենտրոնակայանում հունվարի 27-ին տեղի է ունեցել կազմակերպության Մշտական խորհրդի նիստը, որի օրակարգում էր ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մանդատի երկարաձգման հարցը։

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ելույթ ունենալով նիստին՝ ԵԱՀԿ Մշտական խորհրդի նախագահ, Ավստրիան ներկայացնող Կլեմենս Կոյան նշել է, որ ԵԱՀԿ Երևանի գրասենյակի մանդատի երկարաձգման շուրջ քննարկումների շրջանակներում մի երկիր, ըստ էության մատնանշելով Ադրբեջանին, մտահոգություն էր արտահայտել, որ գրասենյակի մարդասիրական ականազերծման ծրագիրը չի համապատասխանում առաքելության մանդատին։

Այս կապակցությամբ ԵԱՀԿ նախագահության հատուկ ներկայացուցիչը Երևան այցելության և տեղում կատարած ուսումնասիրությունների արդյունքում հանգել է եզրակացության, որ նշված ծրագիրը համապատասխանում է գրասենյակի մանդատին։ ԵԱՀԿ Մշտական խորհրդի նախագահն ընդգծել է, որ թե նախորդ՝ գերմանական, թե ներկայիս՝ ավստրիական նախագահությունները սատարում են այդ տեսակետը։

ԵԱՀԿ Մշտական խորհրդի նախագահն ափսոսանք է հայտնել, որ նույնիսկ այս պայմաններում հետաձգվում է երևանյան գրասենյակի մանդատի երկարաձգման որոշումը։ Նա ընգծել է, որ դա սպառնում է բացասական հետևանք ունենալ ԵԱՀԿ ողջ գործունեության վրա։

Որպես ստեղծված իրավիճակի հանգուցալուծման տարբերակ՝ ԵԱՀԿ նախագահությունը հորդորել է երևանյան գրասենյակին ձեռնպահ մնալ մարդասիրական ականազերծման այդ ծրագրի իրականացումից։ Նա նաև ընդգծել է, որ երևանյան գրասենյակի մյուս բոլոր ծրագրերն անխափան պետք է շարունակվեն։ ԵԱՀԿ-ում ավստրիական նախագահությունը երախտագիտություն հայտնեց Հայաստանին՝ որպես գրասենյակն ընդունող երկիր, հարցին ըմբռնումով մոտենալու համար։

Նիստի նախագահողը տեղեկացրել է, որ ԵԱՀԿ մասնակից որոշ երկրներ հետաքրքրություն են ցուցաբերել Հայաստանի հետ երկկողմ ձևաչափով այդպիսի ծրագրեր իրականացնել։ Ավստրիական նախագահությունը կոչ է արել ԵԱՀԿ մասնակից երկրներին աջակցել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործունեությանը, քանի որ դա կարևոր է ողջ կազմակերպության համար։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Ադրբեջանը հայտնվել է մեկուսացման մեջ և, հակառակվելով ԵԱՀԿ մասնակից 56 երկրին, դեմ արտահայտվեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մանդատի երկարաձգմանը։

ԵԱՀԿ մասնակից մի շարք երկրների պատվիրակություններ, այդ թվում՝ Ռուսաստանը, ԱՄՆ, Եվրոպական միությունը, Կանադան, Շվեյցարիան, իրենց ելույթներում սատարել են ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործունեությունը։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Ադրբեջանը փորձում է խոչընդոտել Երևանում ԵԱՀԿ գրասենյակի մանդատի երկարաձգմանը: Նիստի ընթացքում Ադրբեջանի ներկայացուցիչը պնդել է, թե իր երկիրը չի պատրաստվում համաձայնություն տալ Երևանում ԵԱՀԿ գրասենյակի մանդատի երկարաձգման որոշմանը: Ադրբեջանական կողմի համաձայն՝ Երևանում ԵԱՀԿ գրասենյակի գործունեությունը, մասնավորապես ռազմաքաղաքական ոլորտում, մտահոգություն է առաջացնում Ադրբեջանում:

Կարդացեք նաև՝Քոչարյան. ԵԱՀԿ երևանյան գրասենյակը փակելու համար Ադրբեջանն անցել է շանտաժի

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---