Ֆիրդուսի շուկան ու «Սասունցի Դավիթ» կայարանի մերձակայքի կիսակառույցը քանդվելու են

Ֆիրդուսի շուկան ու «Սասունցի Դավիթ» կայարանի մերձակայքի կիսակառույցը քանդվելու են

PanARMENIAN.Net - Քաղաքաշինության պետական կոմիտեն ներկայացրել է 2017-ի կառուցապատման ներդրումային փաթեթները, որոնց քննարկումների արդյունքում համարվել են ամբողջապես իրատեսական 105 միլիոն դոլարի քաղաքաշինական ծրագրերը: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը:

Նա նշել է, որ այս ծրագրերի դեպքում կան ներդրողներ, կա գումար, բանկային երաշխիք, էսքիզային նախագիծ, պետք է ուղղակի աշխատանքային նախագիծ արվի, հայտնում է Panorama.am-ը:

Սարգսյանն ասել է, որ 105 միլիոն դոլարի ծրագրերի մեջ չեն մտնում այն ծրագրերը, որոնք այս պահին ընթացքի մեջ են, մասնավորապես՝ «Դվին» հյուրանոցը, կրկեսի շենքը, ճանապարհաշինարակական ծրագրերը, փոքր ծավալի շինարարությունները:

Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահը նշել է, որ ծրագրերի 50 տոկոսն ուղղված է բնակարանաշինությանը (ներդրումների 5 տոկոսն է լինելու պետական բյուջեից, 95 տոկոսը՝ մասնավոր ներդրումներ են), մյուս 50 տոկոսը՝ հյուրանոցային, հասարակական բնույթի այլ շինարարության: Նա նաև տեղեկացրել է, որ ներդրողների 50 տոկոսը տեղացի են, 50 տոկոսը՝ արտերկրից:

Մասնավորապես, Երևանի կայարանամերձ հրապարակում գտնվող կիսակառույցը քանդվելու է, տեղում կառուցվելու է նոր բազմաֆունկցիոնալ շինություն՝ հյուրանոցներ, առևտրային, հասարակական, գրասենյակային հատվածներ, հետևի մասում՝ բնակելի հատված:

«Խորհրդային տարիներին այդտեղ քանդեցին «Սասունցի Դավիթ» կինոթատրոնը, կառուցվեց նոր շենք, սակայն այն անավարտ է, միայն բետոնային մաս է, որը հավաքված է կոնստրուկցիաներով, ինչը մեր նորմերով չենք երաշխավորում: Հավաքովի բետոնե կարկասը կքանդվի»,- ասել է նա՝ հավելելով, որ նոր կառուցապատողը կաշխատի այդ հատվածի ճարտարապետ Աշոտ Ալեքսանյանի հետ:

Ընթանում են նախագծային աշխատանքները, քննարկվում է նախագծային հայեցակարգը: Ներդրողը օտարազգի է: Սարգսյանն ասել է, որ ներդրողը համաձայնվել է իր առաջարկի հետ և այդ մասում կգործի նաև «Սասունցի Դավիթ» կինոթատրոն, թեև նախապես ծրագրված չի եղել: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է $60 մլն-ից ավելի, այս տարվա համար նախատեսված է $10 մլն ներդրում, նախատեսվում է ծրագիրն ավարտել երեք տարում:

Նա նաև ներկայացրել է Երևանում ծրագրված այլ նախագծեր, մասնավորապես Արշակունյաց պողոտայի վրա (նախկին Ձերժինսկու գործարանի տարածքում) հյուրանոցային և վարչահասարակական համալիրի կառուցումը, Ֆիրդուսի տարածքում սկսվելու է մոտ 90 մ. տրամագծով ամբողջապես կոր, օղակաձև նոր հրապարակի կառուցումը:

PanARMENIAN.Net ն ավելի վաղ անդրադարձել էր Ֆիրդուսի շուկայի տարածքի վերակառուցման նախագծին ու պատմել, ինչպիսին պիտի լինի նախագծվող Երևանի 33-րդ թաղամասը

Բանակցություններ են վարվում նաև այլ նախագծերի իրականացան ուղղությամբ, մասնավոապես Աբովյանի արձանի ետնամասում գտնվող հին ջրամբարի տեղափոխում, նորի կառուցում, այդ հատվածում վարչական խոշոր կենտրոնի կառուցում, Կոնդ թաղամասի մի հատվածի վերակառուցում:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---