Գյուղոլորտում 2017-ին մոտ $120 մլն կներդրվի

Գյուղոլորտում 2017-ին մոտ $120 մլն կներդրվի

PanARMENIAN.Net - Գյուղատնտեսության ոլորտում 2017-ին մոտ 120 մլն դոլարի ներդրում կկատարվի: Այս մասին տեղեկացվել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի կողմից հրավիրված աշխատանքային խորհրդակցության ժամանակ: Քննարկվել են ընթացիկ տարում գյուղոլորտում ներդրումային ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:

Խորհրդակցությանը մասնակցում էին նախարարի տեղակալներ Ռոբերտ Մակարյանը, Աշոտ Հարությունյանը, Արմեն Հարությունյանը, նախարարության աշխատակազմի ղեկավար Արտաշես Կիրակոսյանը, «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակի» տնօրենի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը:

«Ամփոփելով կատարված աշխատանքները` կարող ենք արձանագրել, որ 2017-ին գյուղատնտեսության ոլորտում ընդհանուր առմամբ իրականացվելու է մոտ 120 մլն դոլարին համարժեք դրամի ծրագրեր, ներառյալ այն 60 մլն դոլարը, որի վերաբերյալ օրերս հայտարարել է Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը:

Ներդրումները կուղղվեն պահածոների գործարանի, սպանդանոցների կառուցմանը, ջերմատնային տնտեսությունների ընդլայնմանը, ինտենսիվ այգիների հիմնմանը, կոնյակի արտադրության վերազինմանը և այլ ոլորտների: Սրան կավելանան նաև մարզերի զարգացմանն ուղղված ծրագրերը, որոնց շուրջ այս պահին ինտենսիվ աշխատանքներ ենք տանում»,- տեղեկացրել է նախարար Առաքելյանը:

Նախարարը հանձնարարել է պատասխանատուներին վերահսկողություն սահմանել իրենց համակարգման ներքո գտնվող ծրագրերի իրականացման նկատմամբ, ընթացքում առաջացող խնդիրներին լուծումներ տալ, կատարված ծրագրերի շուրջ իրազեկում ապահովել՝ խրախուսելու հավելյալ ներդրումների ներհոսքը:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են գյուղոլորտի զարգացմանն ուղղված մի շարք այլ հարցեր ևս, պատասխանատուներին տրվել են համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ մարզեր կատարած այցերի արդյունքում հավաքագրել են բիզնես գաղափար, որոնք կարող են հիմք հանդիսանալ տեղական նշանակության ներդրումային ծրագրերի զարգացման համար:

Կարդացեք նաև՝ Կարայան. Հավաքագրվել է 160 ներդրումային ծրագիր

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---