ԵՕԻ. Լապշինի հետ կատարվածը սպառնալիք է եվրոպական արժեքների համար, վատ վերաբերմունքի իրական վտանգ կա

ԵՕԻ. Լապշինի հետ կատարվածը սպառնալիք է եվրոպական արժեքների համար, վատ վերաբերմունքի իրական վտանգ կա

PanARMENIAN.Net - Բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնման որոշումն իրական սպառնալիք է եվրոպական արժեքների համար: Այս մասին ասված է Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտի (ԵՕԻ)՝ Լապշինի ձերբակալության, արտահանձման և խոսքի ազատության պաշտպանության վերաբերյալ պաշտոնական հայտարարության մեջ:

«Լրագրող և բլոգեր Ալեքսանդրի Լապշինի ձերբակալությունն ու հետագայում նրա արտահանձնումը խորը մտահոգության առարկա է: Տվյալ դեպքը կարող է հանգեցնել խոսքի և զանգվածային լրատվության միջոցների ազատությունը խախտող անթույլատրելի իրավիճակի:

Հաշվի է առնվում այն փաստը, որ քաղաքացիական հասարակության անդամների և լրագրողների այցերը Լեռնային Ղարաբաղ ունեն անգնահատելի նշանակություն մարդասիրական տեսանկյունից և այդտեղ տիրող իրավիճակի վերաբերյալ օբյեկտիվ տեղեկություններ տրամադրելու առումով: Ցանկացած գործողություն, որն ուղղված է զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների ժողովրդավարական առաքելությունը տարածքային առումով սահմանափակելուն, ենթակա է խիստ դատապարտման:

Ա. Լապշինի արտահանձնման որոշումն իրական սպառնալիք է եվրոպական արժեքների հիմքում ընկած՝ խոսքի և զանգվածային լրատվության միջոցների ազատության համար. այդկերպ լրջորեն վտանգվում են մարդու իրավունքների արժեքները», - ասված է հայտարարության մեջ:

Ընդգծվում է, որ վերը նշվածից բացի, Ալեքսանդր Լապշինի արտահանձնումը մտահոգիչ է նրա խոշտանգման և անմարդկային վերաբերմունքի ենթարկվելու իրական հնարավորության պատճառով: Նշվում է, որ Լապշինի նկատմամբ վատ վերաբերմունքի ակնհայտ վկայություն է այն, որ նրա ձերբակալումը և մեկ այլ տարածաշրջան տեղափոխելը լայնորեն լուսաբանվեց զանգվածային լրատվության միջոցներով՝ ձեռնաշղթայված, բերման ենթարկելը դիմակավորված և զինված զինվորականների կողմից:

«Լրագրողի նկատմամբ այսպիսի վերաբերմունքն անթույլատրելի է: Հատկապես անհանգստացնող է այն, որ որոշ լրագրողներից արդեն իսկ ստացվող մի շարք տեղեկությունների համաձայն՝ որոշ անձինք նամակներ են ուղարկում լրագրողների՝ սպառնալով հետապնդման ենթարկել նրանց իրենց լրագրողական գործունեության համար: Անընդունելի է օգտագործել այս անթույլատրելի քայլը արհեստական հետապնդումների և լրագրողների ու քաղաքացիական հասարակության ակտիվիստների իրավունքների ոտնահարման նպատակով:

Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտը ողջունում է ցանկացած տարածքում, ներառյալ՝ Լեռնային Ղարաբաղում և այլ տարածաշրջաններում խոսքի ազատությունը պաշտպանող արձագանքները, որոնք արդեն իսկ արվել են ԵԱՀԿ զանգվածային լրատվության միջոցների հարցերով հատուկ ներկայացուցչի, եվրոպական առանձին պաշտոնյաների և իրավապաշտպան կազմակերպությունների կողմից: Նմանատիպ անթույլատրելի պրակտիկան կանխելու համար այն պետք է հակադարձվի խիստ դատապարտմամբ», - ասված է ԵՕԻ հայտարարության մեջ:

Փետրվարի 7-ին Բելառուսի Գերագույն դատարանն ուժի մեջ է թողել ՌԴ և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու որոշումը: Նույն օրը նա տեղափոխվել է Բաքու և այժմ գտնվում է մեկուսարանում:

2016-ի դեկտեմբերին բլոգեր Ալեքսանդր Լապշինին ձերբակալել են Մինսկում Ադրբեջանի հարցումով, որտեղ նա ընդգրկված է «սև ցուցակում» ԼՂՀ այցելելու համար: ԼՂՀ այցելած անձանց համար մուտքն Ադրբեջան արգելված է: Այնուամենայնիվ, 2015-ի հունիսին Լապշինը մուտք է գործել Ադրբեջան Վրաստանի տարածքից ուկրաինական անձնագրով: Նրան հաջողվել է անցնել սահմանային հսկողությունը և հայտնվել Բաքվում, քանի որ ուկրաինական անձնագրում Ալեքսանդր անունը գրված էր «Օլեքսանդր»: Դրանից հետո Ադրբեջանը բլոգերի միջազգային հետախուզոմ էր հայտարարել «Պետական սահմանի մասին» օրենքը և երկրի միգրացիոն օրենսդրությունը խախտելու համար: ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ՌԴ քաղաքացու արտահանձնումը երրորդ երկիր անթույլատրելի է:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---