Եվրախորհրդարանի պատգամավոր. ԼՂ հանրաքվեն համապատասխանում էր Արևմտյան Եվրոպայի չափանիշներին

Եվրախորհրդարանի պատգամավոր. ԼՂ հանրաքվեն համապատասխանում էր Արևմտյան Եվրոպայի չափանիշներին

PanARMENIAN.Net - Փետրվարի 20-ին Արցախում տեղի ունեցած հանրաքվեն համապատասխանում էր Արևմտյան Եվրոպայի չափանիշներին: Այս մասին Ստեփանակերտում հայտարարել է Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելը։

ԼՂՀ Սահմանադրական փոփոխություններով նախատեսվում է կիսանախագահականից անցնել նախագահական կառավարման: Ըստ Արցախի ԿԸՀ հրապարակած արդյունքների՝ 103. 793 ընտրելու իրավունք ունեցող քաղաքացուց քվեարկությանը մասնակցել է 79.428-ը, որը կազմում է ընդհանուր թվի 76.52%-ը:

Կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը կազմել է 69.540 կամ ընդհանուր քվեարկածների 87,55 %-ը, դեմ քվեարկված քվեաթերթիկների թիվը կազմել է 7.686 կամ ընդհանուր քվեարկածների 9.7 %-ը, անվավեր քվեաթերթիկներ է ճանաչվել 2.202 քվեաթերթիկ կամ ընդհանուրի 2.8 %-ը:

«Չնայած Արցախի Հանրապետության միջազգային մերժմանը, կարծում եմ, արդեն կարող եմ վստահորեն Արցախի Հանրապետություն ասել», - նշել է Էնգելը, գրում է Aysor.am-ը:

«Չնայած մերժմանը՝ դա չի ազդոմ ժողովրդի կամքի վրա, չի խանգարում նրանց ակտիվ մասնակցել ընտրություններին և ամբողջ աշխարհին դեմ դուրս գալ։ Արցախի ժողովուրդն ասել է «այո», ասել է «այո» բավականին հիմնավոր», - հավելել է Եվրախորհրդարանի պատգամավորը։

Բոլիվիայի Պատգամավորների պալատի խորհրդարանական Ալիսիա Կանկիինը, որը Արցախում Սահմանադրության հանրաքվեին դիտորդական առաքելություն է իրականացրել, ասել է՝ ԼՂՀ-ում տեղի ունեցած Սահմանադրական հանրաքվեն հանգիստ էր ընթացել:

«Շատ ենք կարևորում Արցախում այն հանգամանքը, որ ժողովուրդը կարողանում է իր կամքն ազատ արտահայտել: Սահմանադրության հանրաքվեն մի գործընթաց է, որի ժամանակ ժողովուրդն է որոշում, թե ինչպիսի պետություն է ուզում: Արցախը նոր Սահմանադրությունից հետո ավելի կզարգանա»,- ասել է Կանկիինը:

Բոլիվիայի Պատգամավորների պալատի խորհրդարանական Մարիո Միտայինը ևս իր գոհունակությունն է հայտնել Սահմանադրության հանրաքվեի գործընթացի վերաբերյալ, գրում է Արցախպրեսը:

«Այն բավականին բարձր մակարդակով էր կազմակերպված: Մենք նկատել ենք ժողովրդի զանգվածային մասնակցություն և կարող ենք ասել, որ Արցախում հաջողված է հանրաքվեն: Գոհ ենք և՛ տեղի ժողովրդից, և՛ իշխանություններից, ովքեր ազատ գործելու իրավունք և կամք ունեն»,- ասել է Միտայինը:

Դիտորդական առաքելությամբ Արցախում գտնվող Ռուսաստանի Դաշնության պատվիրակության անդամներ Վլադիմիր Եվսենը, Վալերի Կորովինը և Ալեկսանդր Սկակովը նշել են, որԱրցախի Հանրապետությունը պետք է և կարող է ունենալ անկախություն:

«Հանրաքվեի ժամանակ մենք խախտումներ չենք նկատել: Արցախի ժողովրդի իրավագիտակցության մակարդակը բավականին բարձր է, և այստեղ մենք տեսել ենք կայացած ժողովրդավարական երկիր»,- ասել է պատվիրակության անդամ, քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը և հույս հայտնել, որ այն իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել ապրիլին, այլևս չեն կրկնվի:

Ռուսաստանի Դաշնության պատվիրակության անդամները նաև նշել են, որ Արցախի ճանաչված չլինելը ոչինչ չի նշանակում. պատմությունը ջնջել հնարավոր չէ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---