ԱԻՆ. Կապանում երկրաշարժից դպրոց չի փլուզվել, ավերածություններ չկան

ԱԻՆ. Կապանում երկրաշարժից դպրոց չի փլուզվել, ավերածություններ չկան

PanARMENIAN.Net - Կապան քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 3.9 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով փլուզումներ չեն եղել: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնեցին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Հերքվել է նաև համացանցում տարածված տեղեկատվությունն այն մասին, որ Կապանում թիվ 10 դպրոցի շենքն է փլուզվել:

«Դպրոցը կանգուն է, ամեն ինչ նորմալ է: Ավերածություններ, զոհեր չկան», - հայտնեցին տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը նույնպես հատնել է, որ ցնցումների հետևանքով քաղաքում ավերածություններ ու տուժածներ չկան:

«Էպիկենտրոնը բավականին մոտ էր քաղաքին: Բնակիչներն արագ դուրս են եկել տներից, տարհանվել են մանկապատեզների և դպրոցների երեխաները, այլ հաստատությունների աշխատակիցները»,- ասել է նա և հավելել, որ քաղաքը վերադառնում է բնականոն աշխատանքին, մեջբերում է Yerkir.am-ը:

Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի մամուլի քարտուղար Վազգեն Սաղաթելյանը հայտնել է, որ տեղի ունեցած երկրաշարժից հետո չկա խուճապ կամ վախի մթնոլորտ:

«Իրավիճակը հետևյալն է. երկրաշարժից հետո` ելնելով անվտանգության նորմերից, մարդիկ փակ տարածքներից դուրս են եկել: Բայց չկա ինչ-որ խուճապ կամ վախի մթնոլորտ, դա պարզապես անվտանգության նորմեր են: Դպրոցներում, բուհերում, հիմնարկներում մարդիկ կազմակերպված լքել են շենքերը», - ասել է Սաղաթելյանը, գրում է Aysor.am-ը:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 5 բալ: Երկրաշարժը զգացվել է Կապան քաղաքում 5 բալ, Գորիս և Քաջարան քաղաքներում 4-5 բալ ուժգնությամբ: Երկրաշարժին հաջորդել է 3.3 մագնիտուդ ուժգնությամբ մեկ հետցնցում:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---