Կիսելյով. Հայերը պիտի ռուսերեն սովորեն, իսկ Բաքվին զինելը Երևանին է ձեռնտու

Կիսելյով. Հայերը պիտի ռուսերեն սովորեն, իսկ Բաքվին զինելը Երևանին է ձեռնտու

PanARMENIAN.Net - Ռուսերենին ազատ տիրապետելը կենսական նշանակություն ունի Հայաստանի համար: Այսպիսի կարծիք է հայտնել «Ռուսաստանն այսօր» գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը Երևանում կայացած մամուլի ասուլիսում:

Նա ասել է, թե իրեն զարմացրել էր հայ հանրության բուռն արձագանքն իր խոսքերին այն մասին, որ Հայաստանում բավարար չափով չեն տիրապետում ռուսաց լեզվին: «Մի դեպք էր եղել, երբ երիտասարդ տղան, տաքսու վարորդը, ինչ-որ բան ռուսերենով չգիտեր: Ինձ դա զարմացրեց, ես էլ անկեղծ ասացի դրա մասին: Բուռն արձագանք ստացան իմ խոսքերը, և դուք միջադեպ անվանեցիք ոչ թե այն, որ տաքսու վարորդը չէր կարողացել ռուսերեն հաշվել, այլ այն, որ ես ասել էի, թե ռուսաց լեզուն Հայաստանի համար անվտանգության գործոն է»,-ասել է Կիսելյովը:

Նա շեշտել է, որ չի փոխել իր տեսակետը և կարծում է, որ ռուսերենի ազատ իմացությունը կենսական կարևորություն ունի Հայաստանի համար: Ըստ Կիսելյովի, «առանց ռուսերենի իմացության անհնար է պատկերացնել Հայաստանի ապագան»:

Կիսելյովը հայտնի հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովի հետ համատեղ ասուլիսում անդրադարձել է նաև Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքին: «Ադրբեջանը զենք է գնում շուկայում կայուն գումարով, այդ զենքը նա կարող է գնել Իսրայելից, ԱՄՆ-ից կամ ՌԴ-ից: Իսկ Ռուսաստանը զենքի արտահանմամբ երկրորդն է աշխարհում, ուստի զենքն առաքում է շուկա, միջազգային սալոններ, որտեղից էլ Ադրբեջանը, ինչպես և շատ այլ երկրներ, գնում են այդ զենքը»,-ասել է Կիսելյովը:

Նա նաև հորդորել է քաղաքական ենթատեքստ չորոնել Ադրբեջանին զենք վաճառելու հարցում: Ըստ նրա, զենք վաճառելով, Ռուսաստանը պահպանում է հարաբերություններն Ադրբեջանի հետ:

«Ռուսաստանը, պահպանելով հարաբերություններն Ադրբեջանի հետ, շատ հարցերում կառավարում է նրան: Ուզում եմ, որ ճիշտ ընկալեք այդ բառը՝ կառավարում է, ինչպես մարդիկ են հարաբերությունները պահպանելով, կառավարում միմյանց: Եթե մենք պահպանում ենք շփումը, ապա կարող ենք ազդել»,- ասել է Կիսելյովը:

Նա նաև հավելել է, որ զենքի վաճառքը միևնույն է լինելու է, քանի որ Ադրբեջանը միլիարդներ է ծախսում զենքի վրա: Ըստ Կիսելյովի, ՌԴ և Ադրբեջանի հարաբերությունները շահավետ են Հայաստանի համար, քանի որ Ռուսաստանը Ադրբեջանից ստացած փողով զարգացնում է իր ռազմարդյունաբերական համալիրն ու կարող է զինել Հայաստանին: «Այդպիսով, Ադրբեջանը Ռուսաստանի միջոցով զենք է գնում Հայաստանի համար»,-ասել է Կիսելյովը:

2016-ին՝ ապրիլյան պատերազմի օրերին ՌԴ կողմից Ադրբեջանին զենք վաճառելու փաստը վրդովմունքի ալիք առաջացրեց ինչպես ՀՀ բնակչության, այնպես էլ իշխանությունների շրջանում:

Ադրբեջանը զենք է գնում ՌԴ-ից 2000-ից ի վեր, սակայն պայմանագրերի ամենամեծ փաթեթը կնքվել է 2010-ին և գնահատվում է 4 մլրդ դոլար: Ռուսաստանն ամբողջովին կատարել է Ադրբեջանին Տ-90Ս տանկերի մատակարարման մասով իր ստանձնած պարտավորությունները: Ռուսաստանը 2014թ. պաշտոնապես Ադրբեջան է արտահանել հետևյալ զինատեսակները.65 միավոր տանկ, 78 միավոր ռազմական զրահամեքենա, 118 միավոր խոշոր տրամաչափի հրետանային համակարգեր:

Ավելի վաղ ՀՀ պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը հայտարարել էր, որ ռուսական 200 միլիոն դոլարի պայմանագիրը՝ Հայաստան զինամթերք մատակարարելու մասին, իրականացման փուլում է: 2015-ին Հայաստանն ու Ռուսաստանը կնքեցին վարկային պայմանագիր, որի համաձայն Մոսկվան պետք է $200 մլն վարկ տրամադրի՝ սպառազինության ձեռքբերման համար: ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մինասյանը 2016-ի ապրիլի 11-ին հայտարարեց, որ ռուսական վարկով գնվելիք սպառազինության մատակարարումն ուշացվել է:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---