Օլանդ-Սարգսյան հանդիպումը. Ներդրումներ, Իրան և ԵԱՏՄ, ԼՂ հակամարտություն

Օլանդ-Սարգսյան հանդիպումը. Ներդրումներ, Իրան և ԵԱՏՄ, ԼՂ հակամարտություն

PanARMENIAN.Net - Ելիսեյան պալատում կայացել է պաշտոնական այցով Ֆրանսիայի Հանրապետությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանի և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հանդիպումը, որի ավարտին ստորագրվել են մի շարք ոլորտներում հայ-ֆրանսիական գործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթեր:

Մասնավորապես ստորագրվել են` Ֆրանսիայի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև համաձայնագիր` Հայաստանում ֆրանսիական համալսարանի մասին, Ֆրանսիայի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային զարգացման նախարարության և Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության վերաբերյալ մտադրությունների հայտարարություն, համագործակցության շրջանակային համաձայնագիր ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի և Հայաստանում ֆրանսիական համալսարանի, Տուլուզ Միդի-Պիրենեյ դաշնային համալսարանի, Գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի, Տուլուզի ազգային պոլիտեխնիկա ինստիտուտի, Տուլուզ 3-Պոլ Սաբատիեի համալսարանի, Տուլուզ 1 Կապիտոլ համալսարանի, Տուլուզի Ժան-Ժորե համալսարանի միջև:

Սարգսյանն Օլանդի հետ հանդիպման արդյունքներով ԶԼՄ-ների առջև մասնավորապես հայտարարել է.

«Հետաքրքիր մի փաստ. ՀՀ և Ֆրանսիայի միջև անցած 25 տարիների ընթացքում միայն նախագահների մակարդակով կայացել է մոտ 25 այցելություն։ Սա վկայում է այն մասին, որ հայ-ֆրանսիական հարաբերությունները մշտական ուշադրության և համագործակցության կենտրոնում են։

Նոլոր հարցերի շուրջ մեր մոտեցումները շատ մոտ են միմյանց. դա վերաբերում է ինչպես մեր երկկողմ հարաբերություններին, այնպես էլ մեր տարածաշրջանում ծավալվող խնդիրներին, իրադարձություններին։ Գոհունակությամբ փաստեցինք մեր ձեռքբերումները՝ կայուն քաղաքական երկխոսություն, միջխորհրդարանական շատ ամուր կապեր, տնտեսական, գիտակրթական ու մշակութային ակտիվ կապեր, ապակենտրոնացված համագործակցության խորացում, միջազգային հարթակներում փոխշահավետ համագործակցություն, Ֆրանսիայի կողմից Հայաստանում իրականացվող աջակցության ծրագրեր, միջազգային կարևորագույն հարցերում սատարում միմյանց, ինչպես նաև ընդգրկուն իրավապայմանագրային դաշտ:

Մենք այսօր ևս մի քայլ կատարեցինք մեր հարաբերությունների խորացման՝ ստորագրելով փաստաթղթեր զբոսաշրջության, միջբուհական-գիտակրթական համագործակցության ոլորտներում»։

Նախագահի խոսքով, բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը ամուր հիմք է նաև արդյունավետ տնտեսական համագործակցության համար։

«Եվ որքան էլ որ մեր տնտեսական հարաբերությունները դեռ չեն հասել քաղաքական հարաբերությունների մակարդակին, մենք հաստատուն քայլեր ենք ձեռնարկում այդ ուղղությամբ: Եվ ինչպես պարոն նախագահն ասաց` ես այսօր առավոտյան ՄԵԴԵՖ-ում փորձում էի համոզել ֆրանսիացի գործարարներին, որ Հայաստանում ներդրումային բարենպաստ պայմաններ կան, առաջարկեցի նրանց գալ Հայաստան և ներդրումներ կատարել: Փորձեցի համոզել այն իրականությամբ, որ այսօր Հայաստանը, լինելով Եվրասիական տնտեսական միության անդամ, կարող է հարթակ լինել նրանց համար` արտադրելու Հայաստանում և իրացնելու Եվրասիական տնտեսական միության 170 միլիոնանոց շուկայում:

Եվ երկրորդ` ունենալով Իրանի հետ լավ հարաբերություններ, Իրանի դեմ պատժամիջոցների կիրառման ընթացքում այդ երկրի հետ պահպանելով լավ հարաբերություններ, ճանաչելով իրանական շուկան և Իրանի ժողովրդին՝ Հայաստանը ևս կարող է այստեղ առաջատար ֆրանսիական ընկերություններին օգտակար լինել, եվրոպական ընկերություններին հարթակ ծառայելով` ունենալով հնարավորություններ և այդ հնարավորություններն ի սպաս դնել մեր այս հարաբերությունների զարգացմանը», - պարզաբանել է Սարգսյանը:

Նախագահը նշել է, որ Օլանդին շնորհակալություն է հայտնել 2018-ին Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը Հայաստանում անցկացնելու որոշմանն աջակցելու համար: Նախապատրաստական այդ ժամանակահատվածը Հայաստանում լինելու է ֆրանսերենի և ֆրանսիականի տարածումը` լայն տարածումը մեր երկրում:

«Մենք միայն այս տարի նախատեսել ենք 600-ից ավելի միջոցառումներ, և դրանց իրականացումը, անշուշտ, կամրապնդի մեր բարեկամությունը, որովհետև մեզ կապող օղակներից երկու շատ հայտնի հանգամանքներ կան` երկու շատ կարևոր փաստեր, գործոններ կան: Դրանցից մեկը Ֆրանսիայում ապրող գրեթե կես միլիոն ծագումով հայերն են, ովքեր կարողացել են մազապուրծ լինել մեզ պատուհասած աղետից, հասնել Ֆրանսիա, հաստատվել այստեղ և աշխատել Ֆրանսիայի զարգացման համար՝ պահպանելով իրենց ազգային ինքնությունը: Նրանք այսօր շատ մեծ բնական կամուրջ են: Երկրորդ հանգամանքը` ֆրանսիական մշակույթն է, որ Հայաստանը սիրում է, որ Հայաստանում ճանաչում են, որը Հայաստանում տարածված է: Մենք այս ամենը մշտապես պետք է փայփայենք որպես մեր բարեկամության երաշխիք», - հավելել է նախագահը:

Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդը ԶԼՄ-ների առջև հայտարարել է.

«Հայոց ցեղասպանության այդ ճանաչումը մենք դիտարկել ենք որպես խաղաղության հաստատման միջոց. խաղաղություն հիշողության հետ, ինչպես նաև խաղաղություն երկրների միջև։ Մենք մշտապես ցանկացել ենք Հայոց ցեղասպանության ճանաչումն ընդգրկել ավելի գլոբալ գործընթացի մեջ, որով մենք ուշադրություն ենք դարձնում բոլոր հանցագործություններին, որ, ցավոք, հնարավոր է իրականացվեն՝ մարդկության դեմ և ռազմական հանցագործություններին։ Ահա թե ինչու մենք ցանկացանք ունենալ նաև օրինագիծ, որը կընդունվեր և կկարողանար պատժել նրանց, ովքեր ժխտում են ցեղասպանության կամ մարդկության դեմ հանցագործության գոյությունը:

Մեր բարեկամությունը նաև ունի փոխադարձ բնույթ, քանզի կան հարաբերություններ, որոնք Հայաստանի անկախությամբ կարևոր զարգացում ապրեցին, մասնավորապես՝ տնտեսական ոլորտում․ բազմաթիվ ֆրանսիական ձեռնարկություններ ներդրումներ են կատարել Հայաստանում այնպիսի տարբեր ոլորտներում, ինչպիսիք են սննդի արդյունաբերությունը, զբոսաշրջությունը, հեռահաղորդակցությունը, ծառայությունների ոլորտը և այլն:

Եվ դա այն պայմաններում, երբ Հայաստանը կարևոր հարաբերություններ ունի իր հարևանների՝ Ռուսաստանի և Իրանի հետ: Հատկապես, Ռուսաստանի հետ, քանի որ Հայաստանն Եվրասիական տնտեսական միության անդամ է, ուստիև կարող է ունենալ սերտ առևտրային հարաբերություններ այդ միության անդամ հանդիսացող պետությունների հետ: Նույն կերպ, ինչպես Հայաստանը կապված է Եվրոպայի հետ և այսօր բանակցում է ասոցիացման համաձայնագրի շուրջ»:

Օլանդի խոսքով, անդրադարձել են համալսարանական և մշակութային կապերին, կարևոր համաձայնագրեր են ստորագրվել։

«Դուք գիտեք, որ Հայաստանում գործում է Ֆրանսիական համալսարան, որը համաձայնագրեր ունի ֆրանսիական գիտական և համալսարանական հեղինակավոր հաստատությունների հետ, իսկ այսօր էլ ավելացվել է նորը։ Այդ համաձայնագրերը կարող են Հայաստանի տրամադրության տակ դնել մեր տաղանդը, ինչպես և մենք ենք ցանկանում ընդունել ավելի ու ավելի հայ ուսանողներ։ Առկա է նաև լինգվիստիկ կապ․ Հայաստանը Ֆրանկոֆոնիայի Միջազգային Կազմակերպության անդամ է և պատրաստվում է 2018-ին հյուրընկալել Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը: Ես կարծում եմ, որ սա շատ կարևոր պատասխանատվություն է, որն այս շրջանում Հայաստանը հանձն է առել», - հավելել է Ֆրանսիայի նախագահը:

Օլանդի խոսքով, հանդիպմանը հիշատակել են այն, որ Ֆրանսիան ներգրավված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում: Ֆրանսիան ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ միասին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր է, և մենք ցանկանում ենք աշխատել հանգուցալուծում գտնելու ուղղությամբ:

«Նախ, որպեսզի զերծ մնանք վերջին շաբաթներին և ամիսներին արձանագրված միջադեպերի կրկնությունից, որպեսզի ունենանք միջադեպերի հետաքննության մեխանիզմներ, որոնց առկայությամբ կարող ենք կանխարգելել նման միջադեպերը և պատժել այն գործողությունները, որոնք սպառնում են խաղաղությանը:

Եվ, այնուհետև, մենք ցանկանում ենք գտնել քաղաքական լուծում, և Ֆրանսիան ևս մեկ անգամ վերահաստատել է իր հանձնառությունն Ադրբեջանի և Հայաստանի, ինչպես նաև, իհարկե, Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ անհրաժեշտ տևական լուծում գտնելու հարցում», - ասել է Օլանդը:

Խոսքի ավարտին նախագահը շեշտել է, որ Ֆրանսիան շարունակելու է պայքարը Հայոց ցեղասպանության ճանաչման համար:

Կարդացեք նաև՝ Օլանդը՝ ԼՂ հիմնախնդրի մասին. Ոչինչ այդքան վատ չէ, ինչքան ստատուս քվոն

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---