Peace of Art-ը Մասաչուսեթսի 7 մայրուղու վրա Ցեղասպանության ճանաչման կոչով վահանակներ կտեղադրի

Peace of Art-ը Մասաչուսեթսի 7 մայրուղու վրա  Ցեղասպանության ճանաչման կոչով վահանակներ կտեղադրի

PanARMENIAN.Net - «Խաղաղությունն արվեստի» կազմակերպությունը շարունակում է իր ամենամյա ակցիան` Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին ընդառաջ ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի 7 բանուկ մայրուղու վրա մարտ և ապրիլ ամիսների ընթացքում տեղադրելով էլեկտրոնային վահանակներ, իսկ ապրիլի 1-ից Բոստոնի հարավ-արևելյան ճեպընթաց մայրուղու վրա` կոչ անելով միջազգային հանրությանը ճանաչել 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը:

«2017թ-ի ապրիլը համարվում է աշխարհում տեղի ունեցած ցեղասպանությունների և Հոլոքոստի հիշատակման ամիս, և այդ առիթով մեր վահանակներով կոչ ենք անում Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը` հարգելով հիշատակը նաև բոլոր ցեղասպանությունների անմեղ նահատակների:

2016 թ-ին Հռոմի պապը այցելելով Հայաստան` եղավ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր` Ծիծեռնակաբերդում` անձնապես հարգելով 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը: Վահանակը արտացոլում է պատմական այն պահը, երբ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ միասին Պապ Ֆրանցիսկոսը կաթոլիկ աշխարհի անունից խաղաղության պատգամ է հղում Թուրքիային դեպի Մասիսը բաց թողնված աղավնիների տեսքով` հորդորելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը»,- ասել է «Խաղաղությունն արվեստի» կազմակերպության հիմնադիր նախագահ, նկարիչ Դանիել Վարուժան Հեճինյանը:

«Խաղաղությունն արվեստի» կազմակերպությունը 2015թ-ին բարձրացրել է հարյուր վահանակ` նվիրված ցեղասպանության հարյուրամյակին, ինչպես նաև երախտագիտության վահանակներ Գերմանիային` Հայոց ցեղասպանության ճանաչման, ինչպես նաև Հռոմի պապ Ֆրանցիսկոսին նրա` 2015 թ-ի ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի սուրբ պատարագի մատուցման և այն 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը անվանելու համար:

2003 թ-ին Դանիել Վարուժան Հեճինյանը հիմնել է «Խաղաղությունն արվեստի» անշահույթ կրթական մարդասիրական կազմակերպությունը, որն օգտագործում է արվեստի համընդհանուր լեզուն իրազեկելով մարդկային գոյավիճակի մասին, նպաստելով հակամարտությունների խաղաղ լուծմանը՝ առանցք ունենալով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---