Թուրքիայի փոխվարչապետը Պոլսո պատրիարքի ընտրության հարցը կարգավորելու համար ժամանակ է խնդրել

Թուրքիայի փոխվարչապետը Պոլսո պատրիարքի ընտրության հարցը կարգավորելու համար ժամանակ է խնդրել

PanARMENIAN.Net - Ստամբուլի հայաշատ Շիշլի շրջանում Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության գործող գլխավոր գրասենյակի կողմից Սբ Զատկին ընդառաջ մարտի 28-ին քրիստոնյա համայնքների համար և մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ ընթրիք է կազմակերպվել, որին մասնակցել է նաև Թուրքիայի փոխվարչապետ Վեյսի Քայնաքը:

Ընթրիքին պոլսահայ համայնքից ներկա են եղել Թուրքիայի կրոնական փոքրամասնությունների հիմնադրամների միության անդամներից Թորոս Ալջանը, Պոլսո Հայոց պատրիարքարանի Եկեղեցական խորհրդի նախագահ Տ. եպիսկոպոս Սահակ Մաշալյանն ու Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդի պաշտոնում մնալ շարունակող Արամ Աթեշյանը, որն էլ իր աղոթքով կատարել է ընթրիքի բացումը, հայտնում է Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականը:

Փոխվարչապետ Վեյսի Քայնաքին հարցրել են Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրության շուրջ ծագած ճգնաժամի և Ստամբուլի նահանգապետարանի միջամտության մասին, ինչին ի պատասխան Քայնաքը խոստացել է լուծել հարցը, սակայն խնդրել է հայ համայնքին սպասել մինչև ապրիլի 16-ի սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեի ավարտը:

Սահմանադրական փոփոխությունների հարցով հանրաքվեն կանցկացվի ապրիլի 16-ին։ Հունվարի 21-ին Թուրքիայի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել Սահմանադրությունում փոփոխությունների իրականացման փաթեթին, որն առաջարկում է անցում կատարել կառավարման նախագահական համակարգին: 18 հոդվածից բաղկացած օրենքի ընդունմանը կողմ է քվեարկել 339 պատգամավոր: Էրդողանը կողմ է Թուրքիայում կառավարման նախագահական համակարգի սահմանմանը՝ խորհրդարանականի փոխարեն, որը երկրում գործում է 1923-ին Թուրքիայի Հանրապետության կազմավորումից ի վեր:

«Ինձ այս հարցով նաև զանգահարել են Մեջլիսի հայազգի պատգամավորներ Սելինա Դողանը, Կարո Փայլանն ու Մարգար Եսայանը: Հարցը կլուծվի, դյուրին է: Սակայն թույլ տվեք սպասել մինչև հանրաքվեի ավարտը», - ասել է Քայնաքը:

Փետրվարին Էջմիածնում կայացված որոշման համաձայն՝ մարտի 15-ին Ստամբուլում տեղի ունեցավ Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրություն: Ընտրությունից հետո, որում համոզիչ հաղթանակ էր տարել Արամ Աթեշյանի հակառակորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը, Ստամբուլի նահանգապետարանն անակնկալ կերպով միջամտել էր ընտրություններին: Ստամբուլի նահանգապետի տեղակալը նախքան պատրիարքարանում ընտրությունների սկսվելը գրություն է ուղարկել, որն իրավաբանորեն անհնար է համարում պատրիարքական ընտրությունների գործընթացի մեկնարկը: Այս գրությունը Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրություններից անմիջապես հետո պատրիարքարանի հոգևորականներին է ներկայացրել տեղապահի ընտրություններում պարտված փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը և հայտարարել, որ չի հեռանա տեղապահի պաշտոնից:

Կարդացեք նաև՝ Աթեշյանը՝ չհեռանալու մասին. «Պատրիարքարանը Թուրքիայի կողմից ինձ է վստահված»

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---