ՀՀ ազգային բրենդի ստեղծման առանձնահատկությունները. «Պատմությունն այնպես էլ չսկսվեց»

ՀՀ ազգային բրենդի ստեղծման առանձնահատկությունները.  «Պատմությունն այնպես էլ չսկսվեց»

PanARMENIAN.Net - Ինչպես հայտնի է, ամերիկյան GK Brand ընկերությունը 2014-ից աշխատել է Հայաստանի ազգային բրենդի ստեղծման վրա: Ընկերության գործադիր տնօրեն և բրենդային հարցերով մասնագետ Վազգեն Քալայջյանը 2016-ի հուլիսի 6-ին LinkedIn սոցցանցի իր էջում ներկայացրել էր Հայաստանի «Հավերժական արև» տարբերանշանը՝ գործակալության կողմից մշակված: Առաջարկվել էր նաև կարգախոս՝ «Հայաստան։ Պատմությունը նոր է սկսվում»:

Այդ տարբերանշանն առաջարկում էին պատկերել տարբեր իրերի վրա՝ բաժակներ, շապիկներ և այլն: Սակայն այնպես էլ հայտնի չդարձավ՝ արդյոք մշակված տարբերանշանն ու կարգախոսն ընդունվել էին ու շրջանառության մեջ դրվել, թե ոչ:

Կարծես թե, տարբերանշանն ու կարգախոսը չի օգտագործվում որևէ զբոսաշրջային ծրագրում:

Մինչ GK Brand ընկերության կողմից աշխատանքների մեկնարկը՝ նախատեսվում էր, որ ազգային բրենդի մշակման համար կպահանջվի մոտ 400.000 դոլար, որից 150.000 դոլարը (62 մլն դրամ) հատկացվել էր պետական բյուջեից, մնացած գումարները պետք է հայթայթվեին այլ աղբյուրներից:

Ինչ գումար է, վերջ ի վերջո, ծախսվել Հայաստանի՝ «Պատմության նոր սկզբի» համար, հայտնի չէ:

Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից հարցով պարզաբանումներ չեն ներկայացրել՝ PanARMENIAN.Net ի հարցումն ուղարկելով Հայաստանի զարգացման հիմնադրամ, որտեղից էլ հայտնեցին, որ GK Brand ընկերության կողմից ստեղծված տարբերանշանի և կարգախոսի մասով որոշում դեռ չկա, պետք է խումբ ձևավորվի, որը և կորոշի ընկերության հետ հետագա գործակցության հարցը:

2014-ի փետրվարին ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության միջև ստորագրվել էր Ազգային բրենդի մշակման աշխատանքների իրականացմանն ուղղված նվիրաբերության հուշագիր:

Գործընկերները համոզված էին, որ ճիշտ ընտրված տարբերանշանը, արդյունավետ տեղեկատվության տարածումը, համատեղ տարբեր ծրագրերի ու նախագծերի իրականացումն էապես կօգնեն Հայաստանին` երկրի բացառիկությունը և գրավչությունը պոտենցիալ զբոսաշրջիկներին ու ներդրողներին ներկայացնելու առումով:

GK Brand ընկերությունը պետք է ներկայացներ երկրի բրենդավորման մրցունակ ռազմավարություն, ներառյալ եռամյա կտրվածքով բրենդի հաղորդակցման մանրամասն ռազմավարություն և ծրագիր:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---