6 ապրիլի 2017 - 18:09 AMT
Իրանի նախկին գեներալ. Եթե Իրանը չօգներ Ադրբեջանին, հայերը կհասնեին Բաքու

Իրանի հետախուզության նախկին գեներալ Մանսուր Հաղիղաթպուրը Azariհa.org լրատվական գործակալությանը հայտարարել է, որ ժամանակին «եթե Իրանը չօգներ Ադրբեջանին, հայերը կհասնեին Բաքու»:

Հաղիղաթպուրը, որը ծառայել է Իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսում, հայտարարել է, որ ղարաբաղյան պատերազմի տարիներին եղել է Ադրբեջանի նախագահի ռազմական խորհրդականը: Ադրբեջանի միլի մեջլիսի պատգամավոր Սիյավուշ Նովրուզովը հակադարձել է, թե այդ մարդը 1992-ին եղել է պաշտպանության նախկին նախարար Ռահիմ Գազիևի խորհրդականը:

«Իրանը փրկել է ադրբեջանցի ժողովրդին, հակառակ դեպքում հայերը կարող էին նույնիսկ Բաքուն գրավել: Մինչ օրս Ադրբեջանն Իրանին 30 մլն դոլար է պարտք: Սակայն Իրանը երբեք չի արծարծել այդ հարցը: Եթե Իրանի փոխարեն Թուրքիան լիներ, վաղուց արդեն կպահանջեր կամ գումարը, կամ կօգտվեր դրանից 10 անգամ ավելի մեծ շահ կորզելով»,-ասել է նա, հայտնում է Haqqin.az-ը:

Այնուհետև իրանցի գեներալը մեղադրել է «ադրբեջանցի պաշտոնյաներին» անշնորհակալ լինելու մեջ: Նա ասել է, որ «եթե Իրանը ժամանակին չօգներ Ռովշան Ջավադովին (որն այն ժամանակ ներքին գործերի փոխնախարարն էր, ոստիկանության հատուկ նշանակության ջոկատի հրամանատարը), հայերն այլ տարածքներ էլ կգրավեին: Այն օրերին մենք Բաքվում 6500 զինվոր պատրաստեցինք»,-պնդել է պաշտոնաթող իրանցի գեներալը:

Ադրբեջանցի պատգամավոր Սիյավուշ Նովրուզովն իր հերթին Հաղիղաթպուրին խարդախ է անվանել՝ պնդելով, թե «1992-1993թթ. վերջինս տվյալներ է փոխանցել հայկական հետախուզությանը Ղարաբաղում ադրբեջանական բանակի ստորաբաժանումների տեղակայման մասին»:

Նովրուզովը հավելել է, որ Հաղիղաթպուրի դեմ Ադրբեջանում քրեական գործ է հարուցվել: «Այդ մարդն Իրանի հետախուզության գեներալ է և հայկական հետախուզության գաղտնի գործակալ: Նա հսկայական վնաս է հասցրել Ադրբեջանի անվտանգությանը: Նրան որոնում է Ինտերպոլը, հուսով եմ, նա արժանի պատիժ կստանա»,-ասել է Նովրուզովը: