ՀՀ և Կատարի միջև վիզային ռեժիմը կարող է ազատականացվել

ՀՀ և Կատարի միջև վիզային ռեժիմը կարող է ազատականացվել

PanARMENIAN.Net - Պաշտոնական այցով Կատարի Պետությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը Կատարի էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ քննարկել է երկու երկրի միջև մուտքի արտոնագրի ազատականացման հնարավորությունը:

Տեղի ունեցած առանձնազրույցում Սարգսյանը նշել է, որ Հայաստանը շահագրգիռ է Կատարի Պետության հետ բարձրաստիճան քաղաքական երկխոսության ակտիվացմամբ և բոլոր ոլորտներում գործակցության խորացմամբ:

Արձանագրելով, որ տարեցտարի ավելանում են Ծոցի երկրներից, այդ թվում՝ Կատարից զբոսաշրջիկների այցելությունները Հայաստան, որում էական դերակատարում ունեն կատարական ավիաընկերության կողմից իրականացվող ավիաթռիչքները, զրուցակիցները քննարկել են երկու երկրի միջև մուտքի արտոնագրի ազատականացման հնարավորությունը, ինչպես նաև փոխշահավետ համագործակցության ծավալման նպատակով կատարական ավիաընկերության հետ փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարը:

Հայկական կողմից քննարկման համար առաջարկվել են տարբեր ոլորտներում մի շարք ներդրումային ծրագրեր: Դիտարկվել է Հայաստանի տարանցիկ հնարավորությունների օգտագործումը, հատկապես` Հայաստանի միջոցով մուտքը դեպի Եվրասիական տնտեսական միության երկրներ:

Հանրապետության նախագահի առաջարկով Կատարի Էմիրը հանձնարարել է Կատարի էկոնոմիկայի նախարարին, ով միաժամանակ Կատարի ներդրումային կազմակերպության նախագահի տեղակալն է, առանձին հանդիպում ունենալ ՀՀ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում Կատարում գտնվող Հայաստանի էկոնոմիկայի նախարարի հետ և առավել հանգամանորեն քննարկել երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման ներուժն ու հեռանկարը:

Երկկողմ հարաբերություններից բացի, զրուցակիցները քննարկել են բազմակողմ ձևաչափով փոխգործակցության զարգացման հնարավորությունները: Նախագահ Սարգսյանը և Կատարի Էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանին անդրադարձել են ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին: Այդ համատեքստում Կատարի Էմիրը կարևորել է տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատումը` ընդգծելով, որ ԼՂ հակամարտության կարգավորումը խաղաղ ճանապարհով և երկխոսության միջոցով այլընտրանք չունի:

ՀՀ-ն կաջակցի ավիացիոն բնագավառում կատարցի ներդրողներին: Այս մասին նախագահ Սերժ Սարգսյանն ասել է Կատար պաշտոնական այցի շրջանակում «Կատար Էյրվեյս» ընկերության գործադիր տնօրեն Աքբար Ալ Բաքրի հետ հանդիպմանը:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---