ՊԲ. Ադրբեջանն ականակոծել է սեփական դիրքերը (վիդեո)

ՊԲ. Ադրբեջանն ականակոծել է սեփական դիրքերը

PanARMENIAN.Net - Արցախի Պաշտպանության բանակի առաջնագծում տեղադրված տեսադիտարկող համակարգերն արձանագրել են, որ ժամը մայիսի 19-ին ժամը 12:15-12:19-ի և 13:32-13:36-ի սահմաններում շփման գծի Սեյսուլան-Յարըմջա հատվածում Ադրբեջանը, նախնական տվյալներով, 60 միլիմետրանոց ականանետերից կրակ է վարել իր իսկ դիրքերի ուղղությամբ:

ՊԲ մամուլի ծառայության հաղորդմամբ, միջադեպի հետևանքով նշված հատվածներում տեղի են ունեցել պայթյուններ: «Նշվածը ևս մեկ անգամ ապացուցում է, որ հակառակորդի ճամբարում կամ անձնակազմը չի տիրապետում իր մասնագիտական պարտականություններին, կամ բացակայում է ուղղահայաց կառավարումը և ցանկացած հրամանատար առաջնագծում իրեն թույլ է տալիս գործողություն իրականացնելու որոշում ընդունել, կամ էլ հակառակ դեպքում նման ստոր քայլերով Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը հող է նախապատրաստում իր հետագա սադրանքների համար», - ասվում է հաղորդագրությունում:

ՊԲ-ն նշում է, որ օրվա ընթացքում հայկական կողմը հավատարիմ է մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և որևէ գործողություն, առավել ևս խոշոր տրամաչափի զինատեսակներից, չի իրականացրել:

Մայիսի 18-ին և լույս 19-ի գիշերն արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 90 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1300 կրակոց: Բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը շփման գծի արևելյան ուղղությամբ կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ (1 արկ), իսկ հյուսիսարևելյան հատվածում՝ 60 միլիմետրանոց ականանետ (1 արկ) և ձեռքի հակատանկային նռնականետ (1 արկ):

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---