Հասրաթյան. Հայկական կողմն ուշադիր հետևում է հակառակորդի ճամբարում զարգացումներին

Հասրաթյան. Հայկական կողմն ուշադիր հետևում է հակառակորդի ճամբարում զարգացումներին

PanARMENIAN.Net - Առաջնագծում իրադրությունն ամբողջությամբ գտնվում է ՊԲ ստորաբաժանումների մշտական վերահսկողության ներքո, նախորդ տարվա ապրիլյան սրացումներից հետո ընկած զարգացումների հետ համեմատած իրավիճակը հանգիստ է: Այդ մասին ասել է ԱՀ ՊԲ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ, գնդապետ Սենոր Հասրաթյանը:

Նա հավելել է, որ հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր լինում են, բայց ոչ նախկին ինտենսիվությամբ: Հիմնականում կիրառվում են տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, իսկ որոշ դեպքերում էլ՝ ականանետեր: Անհրաժեշտության դեպքում ՊԲ առաջապահ ստորաբաժանումները դիմում են կանխարգելիչ գործողությունների և ճնշում հակառակորդի ակտիվությունը, հայտնում է Արցախպրեսը:

Սենոր Հասրաթյանն անդրադարձել է նաև այն հանգամանքին, որ ադրբեջանական կողմը բավականին հաճախ է անցկացնում տարբեր մակարդակի զորավարժություններ, այդ թվում՝ թուրքական ստորաբաժանումների հետ համատեղ, որոնց ընթացքում կիրառվում են նաև իրենց զինանոցում եղած այնպիսի զինատեսակներ, ինչպիսինք, օրինակ, «TOC» տիպի հրանետային կայանքներն են:

Նա նշել է, որ զորավարժությունը զինված ուժերի մարտավարամասնագիտական պատրաստության բարձրացման կարևոր բաղադրիչներից է, և այն պարտավոր է կիրառել յուրաքանչյուր բանակ: «Այլ հարց է, թե տվյալ բանակը որքանով է արդյունավետ օգտագործում նշված բաղադրիչը և ինչ նպատակ է հետապնդում դրանով: Չէի ցանկանա թերագնահատել մեր հակառակորդի կողմից անցկացվող նման միջոցառումները, բայց նաև անհնար է չնկատել դրանց վերաբերյալ անընդհատ շրջանառվող տեղեկատվությունների հաճախականությունը, որից ավելի շատ քարոզչական և, ըստ այդմ, հոգեբանական ներազդեցության տպավորություն է ստեղծվում, քան՝ արդյունավետ գործընթացի»,-ասել է նա:

Հասրաթյանի գնահատմամբ, զորավարժությունների ընթացքում արդիական զինատեսակների կիրառումը բնական է: «Ի դեպ Ադրբեջանը նման զինատեսակներ էր օգտագործում նաև ապրիլյան քառօրյային նախորդած շրջանի զորավարժություններում, սակայն կյանքը ցույց տվեց, որ մի բան է դրանց կիրառումը փորձադաշտում, մեկ այլ բան՝ մարտադաշտում: Այնպես որ մեր համապատասխան ծառայությունները ուշադիր հետևում են հակառակորդի ճամբարում տեղի ունեցող զարգացումներին և ժամանակին կատարում դրանցից բխող անհրաժեշտ քայլեր»,-ասել է Հասրաթյանը:

Հունիսի 12-ին Նախիջևանում մեկնարկել են թուրք-ադրբեջանական համատեղ մարտավարական զորավարժությունները երկու երկրների ԶՈւ բոլոր զորատեսակների մասնակցությամբ:Զորավարժությունները կավարտվեն հունիսի 16-ին:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---