Ռուբեն Վարդանյանը, Սաթի Սպիվակովան և այլ հայեր՝ ՌԴ 150 ամենաազդեցիկ անձանց ցանկում

Ռուբեն Վարդանյանը, Սաթի Սպիվակովան և այլ հայեր՝ ՌԴ 150 ամենաազդեցիկ անձանց ցանկում

PanARMENIAN.Net - Ռուսական GQ ամսագիրը կազմել է Ռուսաստանի 150 ամենաազդեցիկ անձանց ցանկը՝ նշելով, որ ինչ էլ այդ մարդիկ փոխում են բոլորի կյանքը: Ըստ պարբերականի, հենց նրանք են կանխորոշում, թե ինչպիսին կլինի վաղը:

Ցանկում ընդգրկված են ամենատարբեր ոլորտների ներկայացուցիչներ քաղաքականությունից մինչև ռեստորանային գործունեություն: Ցուցակում այնպիսի հայտնի դեմքերի հետ, ինչպիսիք են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, պատրիարք Կիրիլը, Ալեքսեյ Միլլերը, Դանիիլ Կոզլովսկին, արվեստի, գիտության հայտնի ներկայացուցիչներ և գործարարներ, ընդգրկվել են նաև հայազգիներ, մասնավորապես՝ Ռուբեն Վարդանյանը, Սերգեյ Սարկիսովը, Միխայիլ Պիոտրովսկին, Սաթի Սպիվակովան, Արամ Մնացականովը և Ալեքսանդր Օգանեզովը:

Ռուբեն Վարդանյանը ներկայացված է որպես հայտնի գործարար, բարերար, «Սկոլկովոյի» ստեղծման նախաձեռնող: Նշվում է, որ նա հայտնի է նաև որպես Aurora Prize for Awakening Humanity միջազգային մրցանակի հիմնադիրներից մեկը. մրցանակը հանձնվում է մարդկանց, որոնք ձգտում են փոխել աշխարհը:

«ՌԵՍՈ Գարանտիայի» համահիմնադիր Սերգեյ Սարկիսովի պարագայում նշվում է, որ վերջին շրջանում նրա մոտ հակում է նկատվում դեպի կինեմատոգրաֆը: Ամսագիրը գրում է, որ այդ հակումը դեռ հաջող մարմնացում չի ստացել, թեև, «մյուս կողմից, երբ ղեկավարում ես ռուսական ապահովագրական շուկայի հսկաներից մեկը և վարպետորեն յուրացրել ես միաձուլման ու կլանման արվեստը, ինչ հոբբի ասես կարող ես ունենալ՝ թեկուզ կինոյի ասպարեզում»:

Միխայիլ Պիոտրովսկին հայտնի արևելագետ է, իսլամագետ, արաբագետ, Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի արևելյան ֆակուլտետի դեկան, Էրմիտաժի տնօրենն է: Հոդվածում նշվում է, որ «նույնիսկ թանգարաններից շատ հեռու մարդիկ գիտեն, թե ով է Միխայիլ Պիոտրովսկին»: «2017-ին նա Էրմիտաժում կազմակերպեց կոշիկի իսպանացի դիզայներ Մանոլո Բլանիկի գործերի ցուցահանդեսը և բացահայտ դեմ հանդես եկավ Իսակիևյան տաճարը եկեղեցուն հանձնելուն», -գրում է GQ-ն:

Սաթի Սպիվակովան ընդգրկված է «աշխարհիկ աստղերի» բաժնում և ներկայացված է որպես դասական արվեստին նվիրված հայտնի հաղորդումների («Մեծ օպերա» և «Նեսկուչնայա կլասիկա») հաղորդավար, ինչը «էլ ավելի է ամրապնդում նրա, որպես Սպիվակովի տիկնոջ, առանց այն էլ անխախտ դիրքը»: Նա նաև ներկայացված է որպես LVMH-ի սեփականատեր Բերնար Առնոյի դաշնամուրային համերգների կազմակերպիչ Երաժշտության տանը:

Ցուցակում ընդգրկվել են նաև Արամ Մնացականովը՝ «Պիտերի ամենախարիզմատիկ ռեստորանատերը», ինչպես նաև շատ հաջողակ Cutfish ասիական խոհանոցի ռեստորանի սեփականատեր, «ռեստորանային հանճար» Ալեքսանդր Օգանեզովը:

Ընթերցեք նաև. Հայ գործարարի ռեստորանը՝ Պետերբուրգի լավագույն հաստատությունների 5-յակում

 Ուշագրավ
Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
---