Փոխնախարար. 2025-ից ՀՀ-ն կկարողանա գազ ստանալ ԵՏՄ ներքին շուկայի սակագներով

Փոխնախարար. 2025-ից ՀՀ-ն կկարողանա գազ ստանալ ԵՏՄ ներքին շուկայի սակագներով

PanARMENIAN.Net - 2025-ին Հայաստանը կկարողանա գազ գնել ԵՏՄ-ում ավելի շահավետ ներքին սակագներով: Այդ մասին հուլիսի 18-ին լրագրողներին է ասել ՀՀ տնտեսական զարգացման ու ներդրումների փոխնախարար Հովհաննես Ազիզյանը:

Ըստ նրա, մինչև 2025թ. նախատեսվում է ավարտել ԵՏՄ եկրկների միջև գազի և էլեկտրաէներգիայի միասնական շուկայի ձևավորման աշխատանքները:

«Դրա շնորհիվ հայ գործարարները կկարողանան գազ ստանալ ԵՏՄ ներքին շուկայի գներով, ինչը թույլ կտա կրճատել էներգառեսուրսների վրա ծախսերն արտադրության ժամանակ և նվազեցնել արտադրանքի ինքնարժեքը: Դա թույլ կտա հայկական արտադրության ապրանքներն ավելի մրցունակ դարձնել ԵՏՄ շուկայում»,-ասել է Ազիզյանը, հայտնում է ԱՌԿԱ-ն:

Նա նշել է, որ միասնական շուկայի առկայությունը ենթադրում է շուկայական գների ձևավորում բորսայում սակարկությունների արդյունքում, որտեղ հայ գործարարները կկարողանան մասնակցել սակարկություններին և գազ գնել իրենց համար շահավետ գնով:

Փոխնախարարը նշել է, որ դա թույլ կտա ավելի տրամաբանորեն ձևավորել գնագոյացման գործընթացը:

«Ռուսական շուկայում գազի գները զգալիորեն տարբերվում են հայաստանյան գներից, ինչը հանգեցնում է շեղումների արտադրանքի մրցունակության տեսակետից: Հիմնական նպատակն է մրցակցային հավասար պայմաններ ստեղծելը», -ասել է Ազիզյանը:

Ըստ նրա, դեռ հայտնի չէ, թե որքանով դա կազդի վերջնական սպառողի վրա, սակայն նա ենթադրել է, որ այդպիսի ազդեցություն կլինի: «Գնագոյացումն արդեն կիրականացվի ԵՏՄ ներքին շուկայական մեխանիզմների հիման վրա: Ակնկալում ենք, որ արդյունքում սակագները կնվազեն, սակայն բոլոր մեխանիզմները դեռ քննարկման փուլում են: Նախատեսվում է համակարգը գործարկել 2025-ից»,-ասել է Ազիզյանը:

Ինչ վերաբերում է էլեկտրաէներգիային, ապա ըստ փոխնախարարի, ազատականացումն ու միասնական շուկայի ձևավորումը թույլ կտա Հայաստանին արտահանել երկրում արտադրվող էլէլներգիան:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---