16 սեպտեմբերի 2017 - 13:49 AMT
7 օր. Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ կրակել է ավելի քան 1500 անգամ

Սեպտեմբերի 10-ից 16-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ-մարտավարական իրադրությունը շարունակել է մնալ հարաբերական հանգիստ:

ԱՀ ՊՆ հաղորդմամբ, նշված ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է հիմնականում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1500 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում աչալրջորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Ավելի վաղ ԼՂՀ ՊՆ-ն հերքել էր ադրբեջանական լրատվականների տարածած լուրեն այն մասին, թե իբր Լեռնային Ղարաբաղում տեղակայված զորամասերից մեկին պատկանող բեռնատար ավտոմեքենայի ձորը ընկնելու հետևանքով մահացել են 8 և վիրավորվել 4 զինծառայողներ: ՊԲ հաղորդմամբ՝ դա ադրբեջանական քարոզչամեքենայի հերթական ապատեղեկատվությունն է: