ՊՆ ղեկավար. Առաջիկայում զենքի լուրջ արտահանումներ կունենանք արտերկիր

ՊՆ ղեկավար. Առաջիկայում զենքի լուրջ արտահանումներ կունենանք արտերկիր

PanARMENIAN.Net - Մոտ է այն պահը, երբ Հայաստանը զենքի առաջին լուրջ արտահանումները կունենա արտերկիր՝ ոլորտն այնպիսին է, որ եթե շարունակես արտադրել միայն քեզ համար, երբեք չես կարող լինել մրցունակ: Այդ մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովում՝ անդրադառնալով սպառազինության, առաջնագծի կահավորման հարցերին:

Պաշտպանության նախարարn անդրադարձել է ռազմարդյունաբերության ոլորտին՝ նշելով, որ ռազմաարդյունաբերական պետական կոմիտեն, որը գլխավորում է տաղանդավոր մի անձնավորություն՝ Դավիթ Փախչանյանը, մեծ արդյունքներ է գրանցում: «Կարծում եմ՝ շատ մոտ է այն պահը, որ մենք առաջին լուրջ արտահանումները կունենանք արտերկիր: Այս ոլորտն այնպիսին է, որ եթե դու շարունակես արտադրել միայն քեզ համար, երբեք չես կարող լինել մրցունակ: Մեզ համար կարևոր է, որ մեր արտադրանքը, մեր մշակումները նաև արտերկրի շուկաներ դուրս գան»,- ասել է Վիգեն Սարգսյանը՝ հավելելով, որ այստեղ ևս ունենք երկխոսության կարիք սփյուռքահայության հետ, որպեսզի խորհրդատվությամբ աջակցեն մուտք գործել մեծ շուկաներ, հայտնում է Panorama.am-ը:

Պաշտպանության նախարարը տեղեկացրել է, որ շարունակում են սպառազինության ինտենսիվ ծրագիր իրականացնել: «Դուք գիտեք, որ Ադրբեջանն ընտրել է մրցավազքի ճանապարհ, սակայն մենք քանակին քանակով հակադարձելու քաղաքականություն չենք իրականացնում, դա երբեք մեր ճանապարհը չի եղել և դա ոչ միայն ռեսուրսների հարց է, որքան խոհեմության: Մենք այսօր բավականին ադեկվատ միջոցներով ենք կազմակերպում սպառազինությունը, բայց ռազմական տեխնիկան և ռազմական գիտությունն այնքան արագ են զարգանում, որ ցանկացած բան, որը տեղադրում ես, արդեն ամիսներ անց մի քիչ հնացած է: Դրա արդիականը կա, դրա հակաթույնը կա, որին դու պետք է ևս հակաթույն մտածես, հետևաբար, մենք այստեղ ունենք և խորհրդատվության, և աջակցության կարիք»,- ասել է Վիգեն Սարգսյանը:

Նա նշել է, որ ապրիլյան պատերազմից հետո ամենամեծ փոփոխությունն այն է, որ առաջնագիծը որակապես փոխվել է ինժեներական սարքավորումների և տեսադիտարկման սարքերի ներդրման տեսակետից: Ըստ նախարարի՝ դա նշանակում է, որ զինծառայողների ծառայությունը փոքր-ինչ անվտանգ է դարձել, «Իհարկե, առաջնագծում միևնույն է կան կրակոցներ, ակտիվացել են դիպուկահարները, որոնց մենք արձագանքում ենք: Մեզ համար սկզբունքային է, որ ամեն սպանված զինծառայողի դիմաց մեկը երեքին պատասխանելու մոտեցում ենք որդեգրել: Իհարկե, դա մեզ չի սփոփում, դա չի բխում մեր քաղաքականությունից, բայց դա պատերազմների կանոններից է», - ասել է պաշտպանության նախարարը:

Վիգեն Սարգսյանը հայտնել է, որ հաշմանդամություն ունեցող մի սփյուռքահայ է իրեն դիմել, որը բերել է առաջնագծի ինժեներական կահավորման իր մշակած համակարգը: Նա պատրաստակամություն է հայտնել իր հաշվին կահավորել առաջնագծի 50 դիտակետ: «Մենք շնորհակալ ենք նման նախաձեռնությունների համար, մեր մասնագետները ինտենսիվ համագործակցում են բոլոր նման առաջարկությունների շուրջ, բայց կարևոր է, որ այդ աշխատանքը առաջնագծում լինի կենտրոնացված ու կանոնակարգված»,- նշել է նախարարը:

Վիգեն Սարգսյանն անդրադարձել է նաև ռազմական դիվանագիտության ակտիվացմանը: «Այս մեկ տարվա ընթացքում ունեցել եմ մի շարք այցեր, որոնք տալիս են իրենց արդյունքը և նոր հնարավորություններ են բացում: Իմ պաշտոնավարման ընթացքում առաջին այցը կատարել եմ Ռուսաստան, և անկախ այն ասեկոսեներից, որ կան, Ռուսաստանը եղել և շարունակում է մեզ համար մնալ վստահելի ու ամուր դաշնակից»,- ասել է նախարարը:

Նա ընդգծել է, որ Ռուսաստանը Հայաստանին զենքը վաճառում է շահավետ պայմաններով և մեծ դերակատարում ունի հայկական զինված ուժերի սպառազինության ապահովման գործում: «Բայց դա չի նշանակում, որ մենք այլ կապեր չունենք։ Իմ երկրորդ այցը եղել է Հունաստան։ Ես եղել եմ հարևան Վրաստանում և Իրանում, վերջերս էլ՝ Չինաստանում»,-նշել է Վիգեն Սարգսյանը՝ հավելելով, որ առաջիկայում ծրագրում է այցելել նաև Կանադա:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---