Տակառից գավաթ ամենակարճ ճանապարհը. Երևանի կոնյակի գործարանի բացառիկ արտադրանքը՝ ARARAT Single Cask

Տակառից գավաթ ամենակարճ ճանապարհը. Երևանի կոնյակի գործարանի բացառիկ արտադրանքը՝ ARARAT Single Cask

PanARMENIAN.Net - Հայկական կոնյակագործության 130-ամյակին ընդառաջ Երևանի կոնյակի գործարանը բացառիկ խմիչք է արտադրել՝ ARARAT Single Cask-ը, պատրաստված մեկ տակառից: Այն շուկայում կվաճառվի սահմանափակ քանակությամբ՝ ընդամենը 1440 շիշ է թողարկվելու, բոլորը համարակալված: Գործարանի արտադրության տնօրեն Համլետ Անտոնյանի խոսքով, ARARAT Single Cask-ը ստեղծված է գնահատողների համար:

Նոր խմիչքը պատրաստված է բացառապես Երևանի կոնյակի գործարանի պրեմիում դասի սպիրտներից՝ ստացված և հնացված Հայաստանի Տավուշի մարզի յուրահատուկ կլիմայական պայմաններում: Հենց Տավուշի մարզում՝ Բերդ քաղաքում գտնվող գործարանում էլ կայացավ նոր խմիչքի շնորհանդեսը:

«ARARAT Single Cask-ը ստեղծվել է բացառապես Տավուշի մարզի խաղողից: Ստացել ենք մի խմիչք, որն արժանի է առանց կուպաժավորելու վայելելու: Շշի երկու պիտակի զուգակցմամբ ստացվել է մեր Արարատ լեռան ուրվագիծը, Մատենադարանից հրավիրված հատուկ գեղանկարիչն էլ ձեռքով համարակալել է շշերը, ինչպես նաև նշել, թե երեք տակառից որ մեկից է այն շշալցվել»,- նկարագրեց Համլետ Անտոնյանը՝ նշելով, որ մինիմալիզմի գագաթնակետն էլ շշի փայտե կաղապարն է, որի միջից պարզ երևում է խմիչքի գույնը:

Գործարանի արտադրության տնօրենի խոսքով, 57% թնդությամբ ARARAT Single Cask-ը հայկական կոնյակագործության մեջ բացարձակ նորարարություն է, որը խորհրդանշորեն թողարկվում է հոբելյանական տարում ու հետագայում չի վերաթողարկվելու: Մեղմ կլիմայով ու մաքուր օդով հայտնի Տավուշի մարզի կլիման իր հերթին սպիրտներին նուրբ և յուրահատուկ առանձնահատկություններ է փոխանցել՝ արժանի մաքուր, ոչ կուպաժավորված վայելքի:

«Այս խմիչքի արտադրությունում օգտագործվել է միայն Տավուշի մարզի խաղողը: Կրկնակի թորումով ստացված սուպեր պրեմիում կատեգորիայի սպիրտները ստեղծվել ու հնացվել են Բերդում գտնվող գործարանի մասնաճյուղում, հատուկ ընտրված 3 տակառում»,- մանրամասնեց Համլետ Անտոնյանը:

Կրկնակի թորման միասնական գործընթացը և հնացումը Single Cask-ի մեջ արտացոլել են շրջանի բնակլիմայական առանձնահատկությունները: Մառանում ստեղծված հատուկ պայմանները հնացումը դարձրել են առավել մեղմ և ապահովել սպիրտների նրբությունն ու բազմերանգությունը:

ARARAT Single Cask-ն ԱՐԱՐԱՏ տեսականու միակ արտադրանքն է, որը շրջանցում է ցրտով մշակման և ֆիլտրման փուլը, ինչը թույլ է տալիս էլ ավելի վառ համային նոտաներ և բույրի երանգներ պահպանել:

Խմիչքը մյուսներից առանձնացնող յուրօրինակ երանգը փորձագիտական հանձնաժողովն անվանել է «հայկական աշնանային մայրամուտի գույն»: Այն ուժեղ և հագեցած համ ունի, որն իր մեջ ներառում է փայտի ու ծխի համահոտային ներդաշնակ համադրություն՝ վանիլի և անուշաբույր դարչինի երանգավորմամբ:

ARARAT Single Cask-ն ԱՐԱՐԱՏ-ի նորարարությունների շարունակությունն է հատընտիրը գնահատողների համար, որը փոխաբերական կարելի անվանել «Մեկ վրձնահարվածի կտավ»՝ կատարված տակառից գավաթ ամենակարճ ճանապարհի տեխնիկայով:

Սահմանափակ քանակությամբ խմիչքը կվաճառվի բացառապես Հայաստանի տարածքում. նոյեմբերի 1-ից այն արդեն հասանելի կլինի Duty Free-ի վաճառակետերում, իսկ դեկտեմբերի 1-ից՝ նաև խանութներում: Գնահատողների համար ստեղծված խմիչքի 0.75 լ տարողությամբ շիշը կարժենա 90.000 դրամ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---