Առցանց գնումների ոլորտը ՀՀ-ում՝ հարվածի տակ․ Մոսկվան ուզում է նվազեցնել առևտրի նվազագույն շեմը

Առցանց գնումների ոլորտը ՀՀ-ում՝ հարվածի տակ․ Մոսկվան ուզում է նվազեցնել առևտրի նվազագույն շեմը

PanARMENIAN.Net - Ռուսաստանն առաջարկում է 2018 թ. հուլիսի 1-ից զգալի իջեցնել միջազգային առցանց առևտրի ծավալի նվազագույն շեմը, որի համար մաքսատուրք չի գանձվելու: ՌԴ կառավարության՝ Պետդումա ներկայացրած պետական բյուջեի նախագծում առաջարկվում է յուրաքանչյուր ամիս միջազգային առաքումներով առանց մաքսավճարի երկիր ներմուծվող ապրանքի շեմը 50 եվրո սահմանել՝ ներկայիս 1000 եվրոյի փոխարեն:

Որոշումը կտարածվի նաև ԵԱՏՄ անդամ մյուս երկրների վրա: Ռուսաստանյան «Վեդոմոստի» լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչ Նատալյա Սաչենոկն ասել է, որ ԵԱՏՄ անդամ երկրները կարող են ինքնուրույն որոշել միայն նվազագույն շեմը: Փոխարենն արդեն նախանշված է չմաքսազերծվող առցանց գնումների առավելագույն շեմը. Հայաստանի համար՝ 150 դոլար, Բելառուսի՝ 20 եվրո, Ղազախստանի՝ 1000 եվրո, Ղրղզստանի՝ 1000 դոլար:

PanARMENIAN.Net ը զրուցել է Հայաստանում միջազգային առաքումների առաջատար ընկերությունների հետ, լսել նրանց մտահոգությունները: Առաքումների հարթակներից Onex.am-ի համահիմնադիր Հարութ Աբրահամյանի խոսքով՝ առաջարկվող նոր շեմը լուրջ ֆինանսական բարդություններ կստեղծի հաճախորդների համար, որոնք այսուհետ ստիպված կլինեն լրացուցիչ գումար վճարել ապրանքի մաքսազերծման համար:

«Հայաստանում մարդիկ սկսել են ավելի շատ վստահել առցանց առևտրի ծառայություններին. միայն այս տարի մեր հաճախորդների թիվը կրկնապատկվել է: Պարզ չէ սակայն, թե այս որոշումն ինչպես կանդրադառնա հաճախորդների թվի ընդլայնման վրա»,- ասաց Հարութ Աբրահամյանը:

«Մեր նպատակն է միջազգային խոշոր շուկաներ բացել հայ հաճախորդի համար, այս որոշումը զրկում է նրան այդ հնրավորությունից»,- տեղեկացրին միջազգային առաքումներով զբաղվող մեկ այլ հարթակից՝ Globbing-ից: Վերջին մի քանի տարվա ընթացքում ընկերության հաճախորդների թիվն աճել է 14 անգամ՝ հասնելով 80.000-ի: Globbing-ում վստահ են, որ սահմանված նոր շեմը կհանգեցնի հաճախորդների թվի անկման:

2017-ին ՌԴ-ում առցանց առևտուրն աճել է 34%-ով՝ կազմելով 178 մլրդ ռուբլի: Առցանց առևտրի ընկերությունների ասոցիացիայի կանախատեսումներով՝ մինչև տարեվերջ առցանց առևտրի շրջանառությունը կկազմի 420 մլրդ ռուբլի:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---