$20.000՝ Մխիթարյանի մարզաշապիկին. Կանադահայերը կես միլիոն են հանգանակել «Հայաստան» հիմնադրամի համար

$20.000՝ Մխիթարյանի մարզաշապիկին. Կանադահայերը կես միլիոն են հանգանակել  «Հայաստան» հիմնադրամի համար

PanARMENIAN.Net - Կանադահայ համայնքն $530.000 է հավաքագրվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի Կանադայի տեղական մարմնի կողմից կազմակերպված հանդիսավոր ճաշկերույթի ընթացքում: Ճաշկերույթի ընթացքում տեղի է ունեցել նաև աճուրդ։

Նոյեմբերի 12-ին Տորոնտո քաղաքում ավելի քան 400 կանադահայ մասնակցել են նվիրատվությանը։

Հայաստանի հավաքականի Ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի շապիկը աճուրդին վաճառվել է 20.000 դոլարով։

Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի ատենապետ Մկրտիչ Մկրտչյանը մանրամասնորեն ներկայացրել է իրականացված վերջին 12 ծրագիրը՝ նշելով, որ այս 25 տարիների ընթացքում ընդհանուրը 72 ծրագիր է կյանքի կոչվել տորոնտոհայերի հանգանակություններով։ Վերջին ձեռնարկներն են՝ դպրոցի կառուցում Ուխտասար համայնքում, շտապ օգնության մեքենայի նվիրաբերում և ջրամատակարարման ապահովում Դադիվանք համայնքին, չորս բնակելի տան կառուցում Ճարտարում, Ուխտաձորում, Կուսապատում, Լուսաձորում, սանհանգույցների կառուցում Շուշիի, Ամարասի և Դադիվանքի վանական համալիրներին կից, Կյանքի կենտրոնի կառուցում Խնձորիստան համայնքում և բացօթյա մարզահրապարակի կառուցում Նալբանդյան համայնքի դպրոցի համար, որը վերանորոգվել և մասնակիորեն վերակառուցվել է տորոնտոհայ բարերարներ Պերճուհի և Արմեն Նալպանտեանների հովանավորությամբ 2016 թվականին։

Ներկայացվել են նաև ընթացիկ ձեռնարկներն ու 2018 թվականի «Ջուրը կյանք է» խորագրով ծրագիրը՝ ոռոգման ջրի ապահովումը գյուղական համայնքներին։ Կարևորագույն այս ծրագիրը ներառում է խորքային հորերի հորատում, էլեկտրական պոմպակայանի և ջրատարների կառուցում, որոնց միջոցով հնարավոր կլինի ոռոգման ջուրը հասցնել բազմազավակ ընտանիքների տնամերձ հողակտորներ՝ մշակելի դարձնելով դրանք, հայտնում է հիմնադրամի մամուլի ծառայությունը։

Միջոցառումը նվիրված է եղել Կանադայի 150 և Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի 25-ամյակին։ Խոսքով հանդես են եկել նաև Կանադայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Լևոն Մարտիրոսյանը, որը կարևորել է Հիմնադրամի դերն անկախ Հայաստանի և Արցախի զարգացման գործում։

«Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնին ընդառաջ Հիմնադրամի տեղական մարմինները տարբեր երկրներում կազմակերպում են նմանօրինակ միջոցառումներ՝ գումար հավաքագրելու համար։ Կանադահայերի հավաքագրած 530 հազար ԱՄՆ դոլարը նվիրաբերվելու է նոյեմբերի 23-ին կայանալիք Հեռուստամարաթոնին։ «Բերքառատ Արցախ» խորագիրը կրող Մարաթոնի թեման Արցախի ոռոգման համակարգի կառուցումն է և արևային էներգետիկ կայանների տեղադրումը։

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---