Լավրով. ԼՂ կարգավորման փաստաթղթերի փաթեթ կա՝ այս կամ այն տարրը հնարավոր չէ հանել

Լավրով. ԼՂ կարգավորման փաստաթղթերի փաթեթ կա՝ այս կամ այն տարրը հնարավոր չէ հանել

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված փաստաթղթերի փաթեթ է կազմված՝ այս կամ այն տարրը հնարավոր չէ հանել: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իր ադրբեջանցի պաշտոնակից Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման ավարտին կայացած մամուլի ասուլիսում:

«Բոլոր քայլերը բազմիցս քննարկվել են և արտացոլված են ԵԱՀԿ փաստաթղթերում, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարություւններում»,-ասել է Լավրովը, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:

«Այս կամ այն տարրը հնարավոր չէ հանել: Հակառակ կողմը կարող է մտածել, որ բալանսը խախտվում է: Դիվանագիտությունը կգտնի երկու կողմի համար ընդունելի տարբերակը»,-ասել է Լավրովը:

Պատասխանելով ՄԽ համանախագահների քանակի հնարավոր ավելացման մասին հարցին՝ Լավրովն ասել է, թե առաջին անգամ է այդ մասին լսում:

«Կա հակամարտության կարգավորման համաձայնեցված ձևաչափ: Եռահամանախագահները մեկուսացած չեն աշխատում: Մինսկի խմբում կան շահագրգիռ կողմեր: ՄԽ համանախագահների քանակի ավելացման մասին ես առաջին անգամ եմ լսում: Նոր առաջարկները, կամա թե ակամա, կարող են խախտել գործընթացը»,-ասել է ՌԴ ԱԳ նախարարը:

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 20-ին պաշտոնական այցով կժամանի Երևան:Երևանում Լավրովը հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանիհետ՝ քննարկելով երկկողմ գործակցության լայն շրջանակ, համագործակցությունը ԵՏՄ, ՀԱՊԿ և ԱՊՀ շրջանակներում, գործողությունների համակարգումը ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, Եվրոպայի խորհրդում: Կքննարկվեն նաև ղարաբաղյան կարգավորմանն առնչվող հարցեր: Նոյեմբերի 19-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն արդեն հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ քննարկելով ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---