«Զվեզդա» հեռուստաալիքը ներողություն է խնդրել ՀՀԿ ու Նժդեհի մասին հաղորդման համար

«Զվեզդա» հեռուստաալիքը ներողություն է խնդրել ՀՀԿ ու Նժդեհի մասին հաղորդման համար

PanARMENIAN.Net - Ռուսաստանի ՊՆ «Զվեզդա» հեռուստաալիքի նախագահը ներողություն է խնդրել «Կանխատեսումներ Վերոնիկա Կրաշեննիկովայի հետ» հաղորդման ժամանակ Հայաստանի հասցեին հնչած ոչ կոռեկտ արտահայտությունների և գնահատականների համար: Հաղորդավարի ձևակերպումները որակելով որպես բացթողում՝ «Զվեզդա» հեռուստաալիքի ներկայացուցիչը պաշտոնական նամակ է ուղարկել ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանին: Այդ մասին հայտնել է «Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» լրատվականը:

«Կանխատեսումներ Վերոնիկա Կրաշեննիկովայի հետ» հաղորդման եթերում հաղորդավարը ֆաշիստ է անվանել հայ ռազմական և ազգային գործիչ Գարեգին Նժդեհին և համեմատել է ՀՀԿ-ականներին ֆաշիստների հետ:

«2017-ի նոյեմբերի 19-ի եթերում «Զվեզդա» հեռուստաընկերության «Կանխատեսումներ Վերոնիկա Կրաշեննիկովայի հետ» հաղորդման ժամանակ, ՀՀ և ԵՄ համագործակցության մասին հատվածում հաղորդավարուհի Կրաշեննիկովան ոչ կոռեկտ արտահայտություններ և գնահատականներ է հնչեցրել: Թույլ տված սխալի համար ներողություն ենք խնդրում»,-մասնավորապես ասվում է ՌԴ-ում ՀՀ դեսպանատան ստացած նամակում:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Զվեզդան» Youtube-ում իր ալիքից հանել է «Կանխատեսումներ Վերոնիկա Կրաշեննիկովայի հետ» հաղորդումը:

Նոյեմբերի 19-ին ՌԴ ՊՆ ալիքը համարվող «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում «Կանխատեսումներ Վերոնիկա Կրաշեննիկովայի հետ» հաղորդման ժամանակ հաղորդավարը քննադատել է Երևանին ԵՄ հետ գործընկերության մասին համաձայնագիր ստորագրելու մտադրության համար՝ համեմատելով ՀՀ քաղաքականությունն Ուկրաինայի իշխանություննների քաղաքականության հետ: Հաղորդավարը նաև ֆաշիստ է անվանել հայ ռազմական և ազգային գործիչ Գարեգին Նժդեհին և համեմատել է ՀՀԿ-ականներին ֆաշիստների հետ:

«Նժդեհը հերոս է Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության համար վերջինիս ազգային պահպանողական գաղափարախոսությամբ»,-ասել է հաղորդավարը՝ ցուցադրելով ՀՀԿ լոգոտիպը և հավելելով, որ այն հիշեցնում է «երրորդ Ռայխի խորհրդանիշները»: Նա մտավախություն է հայտնել, որ ՀՀ իշխող շրջանակների ներկայացուցիչները կարող են «Հայաստանը տանել Ուկրաինայի ճանապարհով»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---