ՀՀ նախագահը Վրաստան այցի ավարտին հանդիպել է վարչապետ Կվիրիկաշվիլիին

ՀՀ նախագահը Վրաստան այցի ավարտին հանդիպել է վարչապետ Կվիրիկաշվիլիին

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը Վրաստան պաշտոնական այցի շրջանակներում դեկտեմբերի 26-ին առանձնազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ:

Հանրապետության նախագահը և վարչապետ Կվիրիկաշվիլին գոհունակությամբ են փաստել երկու բարեկամ երկրների միջև դինամիկ զարգացող ու տարեցտարի ամրապնդվող հարաբերությունները` այդ համատեքստում նշելով նաև առևտրատնտեսական ոլորտում անցնող տարում հայ-վրացական համագործակցության արդյունքում արձանագրված նկատելի առաջընթացը, ակտիվ փոխգործակցությունը զբոսաշրջության, էներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների և մի շարք այլ բնագավառներում:

Զրուցակիցների համոզմամբ` հայ-վրացական բարձր մակարդակի շփումները լավ նախադրյալներ են ստեղծել գործընկերության նորանոր ուղղություններ նախանշելու համար:

Վրաստանի կառավարության ղեկավարը նշել է, որ չնայած Հայաստանն ու Վրաստանը այս տարի նշում են դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակը, այնուամենայնիվ, երկու երկրների հարաբերություններն ունեն դարերի պատմություն և դրանք, ըստ վարչապետ Կվիրիկաշվիլիի, միշտ եղել են այնքան ջերմ ու բարիդրացիական, որքան այսօր են: Վրաստանի վարչապետը շնորհավորել է նախագահ Սարգսյանին և ամբողջ հայ ժողովրդին գալիք տոների կապակցությամբ, մաղթել Հայաստանին խաղաղություն և կայուն զարգացում: Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ընդգծել, որ հայ և վրացի ժողովուրդների անցած բազմադարյա ուղին պարտավորեցնում է երկու երկրների իշխանություններին իրենց վստահված ժամանակահատվածում ազնվորեն ծառայել` ի բարօրություն երկու ժողովուրդների:

Նախագահը փոխադարձաբար շնորհավորել է վարչապետ Կվիրիկաշվիլիին և վրացի ժողովրդին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ՝ մաղթելով բարձր տրամադրություն և լավատեսություն երկրի զարգացման ու բարեկեցության հարցում:

Հանդիպմանը կողմերը քննարկել են տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերությունների զարգացման ընթացքն ու հեռանկարը, ինչպես նաև մոտ ապագայում նախատեսված՝ Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի պաշտոնական այցը Հայաստան, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Ավարտելով երկօրյա պաշտոնական այցը Վրաստան՝ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը վերադարձել է Երևան: Սերժ Սարգսյանին և տիկին Ռիտա Սարգսյանին օդանավակայանում ճանապարհել է Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---