Վարչապետ. Հիմա ՀՀ-ում լավագույն ժամանակն է բիզնես անելու համար

Վարչապետ. Հիմա ՀՀ-ում լավագույն ժամանակն է բիզնես անելու համար

PanARMENIAN.Net - Հայաստանի բարենպաստ ներդրումային և գործարար միջավայրը թույլ կտա երկրին մեկնարկային հարթակ դառնալ ռուսաստանցի գործարարների համար՝ նոր շուկաներ դուրս գալու առումով: Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում՝ հավելելով, որ հիմա Հայաստանում բիզնես անելու համար լավագույն ժամանակն է

Նա նշել է, որ Հայաստանն ունի զարգացող տնտեսություն, որն արձագանքում է համաշխարհային, հաճախ անկանխատեսելի, փոփոխություններին:

Կարապետյանը տեղեկացրել է, որ ՀՀ-ն առևտրի արտոնյալ GSP ռեժիմ ունի ԱՄՆ, Կանադայի, Շվեյցարիայի, Նորվեգիայի և Ճապոնիայի հետ: Նա հավելել է, որ ՀՀ-ն աշխարհի այն 10 երկրներից մեկն է, որոնք օգտվում են ԵՄ GSP+ համակարգից, որը թույլ է տալիս արտոնյալ պայմաններով ԵՄ արտահանել ՀՀ-ում արտադրվող մոտ 6400 ապրանք: ՀՀ վարչապետը նշել է նաև, որ 2018-ի հունվարից Հայաստանը դարձել է REX համակարգի անդամ: «Դա նշանակում է, որ 2018-ից կազմակերպությունները, մեկ անգամ գրանցվելով էլեկտրոնային համակարգում, այլևս պարտավոր չեն լինի ամեն խմբաքանակի ստացման ժամանակ ծագման հավաստագիր ստանալ: Նրանք կկարողանան արտահանել ապրանքները ԵՄ՝ օգտվելով ոչ միայն զրոյական դրույքաչափով մաքսային տուրքերից, այլև ավելի քիչ գումար ծախսելով հավաստագրի համար», - ասել է վարչապետը: Նա հիշեցրել է նաև, որ Մեղրիում 2017-ի վերջից գործում է ազատ տնտեսական գոտի:

Վարչապետն անդրադարձել է նաև գյուղատնտեսության զարգացմանը՝ նշելով, որ Հայաստանում մի շարք ծրագրեր են կյանքի կոչվում, որոնք ուղղված են ժամանակակից, շահավետ գյուղատնտեսություն ստեղծելուն: «Դա չի կարող չանդրադառնալ դեպի Ռուսաստան արտահանման վրա, որի ծավալները դինամիկ աճում են», - ասել է նա:

Խոսելով խնդիրների մասին՝ Կարապետյանը նշել է, որ դրանք հիմնականում կապված են Վերին Լարսով բեռնափոխադրումների հետ: «Դրանք հիմնականում տեխնիկական խնդիրներ են, կապված եղանակային պայմանների և սեզոնային ծանրաբեռնվածության հետ: Քննարկվվում են բեռնափոխադրումների այլընտրանքային տարբերակներ», - ասել է Հայաստանի վարչապետը:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---