Վարչապետը՝ շվեյցարացի գործարարներին. Եկեք և բիզնեսով զբաղվեք ՀՀ-ում

Վարչապետը՝ շվեյցարացի գործարարներին. Եկեք և բիզնեսով զբաղվեք ՀՀ-ում

PanARMENIAN.Net - Հայաստանի և Շվեյցարիայի միջև ապրանքաշրջանառությունը 2017 թվականի ընթացքում աճել է մոտ 3,5 անգամ՝ 2016 թ. նույն ժամանակահատվածի համեմատ: Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Ցյուրիխում՝ դիմելով շվեյցարացի գործարարներին:

Մեկնարկել է ՀՀ վարչպետ Կարեն Կարապետյանի աշխատանքային այցը Շվեյցարիայի Համադաշնություն: Ժամանելով Ցյուրիխ՝ վարչապետն աշխատանքային ճաշ է ունեցել Շվեյցարիա-Հայաստան առևտրային պալատի ներկայացուցիչների և շվեյցարացի գործարարների հետ:

Դիմելով ներկաներին՝ վարչապետը նշել է.«Այսօր ձեզ ուղղված իմ ուղերձը պարզ ու անկեղծ է՝ եկե՛ք ու բիզնեսով զբաղվեք Հայաստանոմ, եկե՛ք ու ներդրումներ արեք Հայաստանում: Մեր երկիրը ներդրումներ կատարելու և բիզնեսով զբաղվելու արժանի վայր է: Մենք նշանակալի բարեփոխումներ ենք նախաձեռնել տարբեր ՝ պետական կառավարման, հարկային և մաքսային, կրթության ոլորտներում, մենք բարելավում ենք բիզնես միջավայրն ու մթնոլորտը՝ խթանելու տեղական ձեռներցությունն ու օտարերկրյա ներդրումների ներգրավումը: Մենք բարելավում ենք զբոսաշրջային ոլորտն ու ծառայությունները»:

Վարչապետը 2017 թվականի արդյունքները խոստումնալից է համարել՝ նշելով, որ, ընդհանուր առմամբ, բավարարված է կատարված աշխատանքով: Նա հավելել է, որ ակնկալվում է, որ 2017-ի համար ՀՆԱ-ի աճը կհասնի մոտ 7 տոկոսի: Այս արդյունքին նպաստել է 12,3 տոկոս աճն արդյունաբերության ոլորտում (2017 թ. հունվար-նոյեմբերին 2016 թ. նույն ժամանակահատվածի համեմատ), ինչպես նաև առևտրաշրջանառության՝ 14,4 տոկոս, ծառայությունների՝ 14,2 տոկոս աճը (բացառությամբ առևտրի), հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

«Ունենք նաև աճի այլ ոլորտներ: Օրինակ, դոլարային արտահայտությամբ արդեն նոյեմբեր ամսին մենք կարողացանք արձանագրել արտաքին առևտրի ռեկորդային բարձր մակարդակ անկախությունից ի վեր: Եվ դա շնորհիվ այն փաստի, որ 2017թ. հունվար-նոյեմբեր ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, մեր արտահանման ծավալներն աճեցին 23,5%-ով, իսկ ներմուծումը՝ 28%-ով: Կարծում եմ՝ մենք կունենանք աճի ամենաբարձր տեմպը տարածաշրջանում:

Եթե ինձ հարցնեք, թե կոնկրետ որ ոլորտում դուք պետք է ներդրում կատարեք, ապա ես կպատասխանեմ, որ կան մի շարք ոլորտներ. գյուղատնտեսություն և գինեգործություն, ՏՏ և բարձր տեխնոլոգիաներ, զբոսաշրջություն, դեղագործություն, ենթակառուցվածքներ, էներգետիկա և հանքարդյունաբերություն, ոսկերչություն և ակնագործություն, ժամագործություն և այլն: Այո, Հայաստանը չափերով փոքր է, բայց Հայաստանով անցնող շուկաները շատ ավելի մեծ են: Հայաստանը ԵՏՄ անդամ է, որն իրենից ներկայացնում է 180 միլիոնանոց ընդհանուր շուկա և տնտեսական միություն»,-ասել է Կարապետյանը:

Նա հիշեցրել է, որ ՀՀ-ն սահմանակցում է Իրանին, որն ունի ավելի քան 80 միլիոն բնակչություն և որի հետ Հայաստանն ունի բարիդրացիական հարաբերություններ: Նշվել է, որ Իրանի հետ սահմանին հիմնվել է Մեղրի ազատ տնտեսական գոտին, որն իր հերթին կարող է հետաքրքրել նրանց, ովքեր ցանկանում են ուսումնասիրել Իրանը դրսից, բայց բավականաչափ մանրակրկիտ:

Այս ամենին գումարվում է Եվրամիությունն իր ավելի քան 500 միլիոն բնակչությամբ, որի հետ Հայաստանը բոլորովին վերջերս ստորագրեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, ի հավելումն ԵՄ-ի հետ ունեցած GSP+ համակարգի: Հայաստանում արտադրության և ծառայությունների ծախսերը մատչելի են, ուստի «Պատրաստված է Հայաստանում» ապրանքները կարող են մրցունակ լինել ԵՄ-ում»:

Նշելով, որ մոտ ապագայում նախատեսված է Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դե Բումանի և մի շարք շվեյցարացի գործարարների այցը Հայաստան, ՀՀ վարչապետն ասել է, որ դա շատ լավ առիթ է տեղում ծանոթանալու մեր երկրի հնարավորություններին:

Վարչապետն ասել է, որ Դավոսում մի շարք հանդիպումներ է ունենալու ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով, որոնց ընթացքում ներկայացվելու են Հայաստանի տնտեսական ներուժն ու հնարավորությունները:

Հանդիպման ավարտին Կարեն Կարապետյանն ուղևորվել է Դավոս, որտեղ մասնակցելու է Համաշխարհային տնտեսական համաժողովին: Վարչապետը մասնակցելու է նաև «Քրիսթալ» 24-րդ ամենամյա մրցանակաբաշխության բացման արարողությանը, ինչպես նաև համաժողովի մասնակիցների պատվին Ֆորումի հիմնադիր և գործադիր նախագահ Կլաուս Շվաբի կողմից տրվող ընդունելությանը:

Դավոսի 2017թ. համաժողովն անցկացվում է «Ստեղծելով համատեղ ապագա պառակտված աշխարհում» (“Creating a Shared Future in a Fractured World”) խորագրի ներքո:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---