Մակրոն. Ֆրանսիան միշտ կլինի Հայաստանի կողքին

Մակրոն. Ֆրանսիան միշտ կլինի Հայաստանի կողքին

PanARMENIAN.Net - Ֆրանսիան միշտ կլինի Հայաստանի կողքին: ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, այս մասին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

«Ես, իհարկե, գիտեմ անկախությունից ի վեր Արևմուտքի և Արևելքի հատման վայրում կայուն և ժողովրդավարական երկիր կառուցելու ձեր երկրի անցած ճանապարհը՝ որպես առաջամարտիկ: Դուք գտնվում եք բարդ հարևանությամբ մի տարածաշրջանում, և ձեր երկիրը պայքարում է իր ապագան կառուցելու համար, ինչպես միշտ արել է իր պատմության ընթացքում», - ասել է Մակրոնը:

Նա ասել է, նաև որ ծանոթ է և կողմ է այն պայքարին, որը Ֆրանսիայի հայկական սփյուռքը տանում է Հայոց ցեղասպանության ճանաչման համար:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, Ֆրանսիայի նախագահն ասել է, որ միայն բանակցությունները թույլ կտան հասնել երկարաժամկետ լուծման՝ ի շահ տարածաշրջանի ժողովուրդների:

«Դա կլինի մի լուծում, որը համարձակ փոխզիջումներ և կոնկրետ գործողություններ կպահանջի բոլոր կողմերից: Մենք լավ գիտակցում ենք, որ գործընթացը դեռևս փխրուն է, իսկ տեղում իրավիճակն անկայուն է, ուստի բացարձակ անհրաժեշտություն է, որ այս երկխոսության վերսկսումը տանի կոնկրետ առաջընթացի», -ասել է Մակրոնը:

Մակրոնը հայտնել է նաև, որ Սերժ Սարգսյանի հետ պատրաստվում են հանդիպել Շառլ Ազնավուրին:

Հունվարի 23-ին ՀՀ նախագահը հանդիպում էր ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեի հետ:Ժերար Լարշեն հայ-ֆրանսիական հարաբերությունները բնորոշել է որպես բարեկամության և փոխադարձ վստահության մթնոլորտում զարգացող բարձր մակարդակի հարաբերություններ, որոնք, նրա խոսքով, պետք է առավել սերտանան դեռևս քաղաքական հարաբերությունների այդ մակարդակին զիջող տնտեսական կապերի ընդլայնմամբ:

Հունվարի 24-ին Ստրասբուրգում Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանը կմասնակցի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանին, որտեղ հանդես կգա ելույթով և կպատասխանի պատգամավորներին հետաքրքրող հարցերին: Սերժ Սարգսյանը հանդիպումներ կունենա նաև Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) նախագահ Գիդո Ռայմոնդիի, «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) նախագահ Ջաննի Բուքիքիոյի և ԵԽԽՎ նորընտիր նախագահի հետ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---