Հողմակայաններ կառուցելու համար քամու ռեսուրսներն են չափվում

Հողմակայաններ կառուցելու համար քամու ռեսուրսներն են չափվում

PanARMENIAN.Net - Հայաստանում հողմային խոշոր կայանների կառուցմամբ հետաքրքրված էմիրաթական «Աքսես Ինֆրա Սենթրալ Էյժա Լիմիթեդ» ընկերությունը, քամու ռեսուրսի չափման նպատակով, Գեղարքունիքի մարզում աշտարակ է տեղադրել, ինչպիսին մինչ այժմ Հայաստանում չի եղել։ Աշտարակի բարձրությունը հասնում է 80 մետրի։ Այն կգործարկվի մոտ օրերս։

Ապրիլին նախատեսվում է տեղադրել ևս մեկ աշտարակ՝ այլ վայրում։

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանի տեղեկացմամբ, դեռևս անցած տարվա մարտին կառավարությունն որոշում ընդունեց աջակցել «Աքսես Ինֆրա Սենթրալ Էյժա Լիմիթեդ» ընկերությանը մինչև 150 մեգավատանոց գումարային հզորությամբ քամու կայաններ կառուցելու գործում:

«Եթե սպասելիքներն արդարանան, ապա առաջիկա երկու-երեք տարում կարող ենք ունենալ աշխարհում նմանը չունեցող հողմակայան։ Այն լինելու է լեռնային և ամենաբարձր կայանը, որտեղ նախատեսվում է կիրառել նորարարական բազմաթիվ լուծումներ»,-ասել է Հայկ Հարությունյանը։

Հայաստանում հողմային էլեկտրակայանի կառուցմամբ հետաքրքրված է նաև իսպանական «Աքսիոնա Էներգիա Գլոբալ Էս. Էլ.» ընկերությունը։ Անցած տարվա մարտին ընկերությունը ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության հետ ստորագրել է փոխըմբռնման հուշագիր` 100-150 ՄՎտ հզորությամբ հողմաէլեկտրակայանների կառուցման վերաբերյալ:

«Ընկերությունը սկսել է քամու ներուժի գնահատման աշխատանքների իրականացնումը: Տեղադրվել է 80 մետր բարձրությամբ երկու մոնիթորինգային կայան և մեկ Sodar համակարգ: Յուրաքանչյուր կայան համալրված է 8 հողմաչափով, 3 հողմացույցով, 2 ջերմա-խոնավաչափով և 1 մթնոլորտային ճնշաչափով»,-տեղեկացրել է Հայկ Հարությունյանը, հայտնում է Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Ավելի վաղ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը հայտարարել էր, որ հողմային էներգետիկայի բնագավառում նախատեսվում են միջազգային ներդրումային ծրագրեր: «Ունենք ներդրողներ Իրանից, Իտալիայից, Չինաստանից, Իսպանիայից, Վրաստանից: Աշխատում ենք բոլորի հետ: Այնքան շատ քամու ռեսուրս ունենք, որ բոլորին էլ կբավարարի»,- ասել է Հարությունյանը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---