30 հունվարի 2018 - 16:21 AMT
Ալֆանո. ԼՂ խնդիրը ԵԱՀԿ-ի 2018-ի առաջնայնություններից է

ԵԱՀԿ-ում Իտալիայի նախագահության ընթացքում առաջնային է լինելու Ուկրաինայի ճգնաժամի, ինչպես նաև ԵԱՀԿ տարածքի ձգձգվող հակամարտությունների հանգուցալուծման ուղիների որոնումը: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ նախագահությունը ստանձնած Իտալիայի ԱԳ նախարար Անջելինո Ալֆանոն՝ ներկայացնելով 2018-ին ԵԱՀԿ նախագահության գերակայությունները:

«ԵԱՀԿ-ում մեր նախագահության ընթացքում առավելագույն ուշադրություն ենք դարձնելու Ուկրաինայի ճգնաժամին և ԵԱՀԿ տարածքի այսպես կոչված ձգձգվող հակամարտություններին՝ Լեռնային Ղարաբաղի, Մերձդնեստրի, Վրաստանի հակամարտություններին»,-ասել է Ալֆանոն, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Հունվարի 30-31-ին Ալֆանոն կայցելի Ուկրաինա, իսկ փետրվարի 1-ին՝ Մոսկվա:

ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արման Կիրակոսյանը հայտարարել էր, որ ԵԱՀԿ տարածաշրջանի հակամարտությունները միանման չեն, և տարբերվում են նաև դրանց կարգավորման սկզբունքները և ձևաչափերը՝ արժևորելով իտալական նախագահության դիրքորոշումը՝ աջակցել հակամարտության կարգավորման առանձին ձևաչափերի գործունեությանը: Ներկայացնելով ԵԱՀԿ իտալական նախագահության առաջնայնությունները՝ գործող նախագահն առանձնահատուկ անդրադարձ կատարեց ԵԱՀԿ տարածքում ձգձգված հակամարտությունների կարգավորման անհրաժեշտությանը և հաստատեց իտալական նախագահության պատրաստակամությունն աջակցելու ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին աջակցելու միջոցով: