Անկարային մտահոգել է Ցեղասպանության մասին Մակրոնի հայտարարությունը

Անկարային մտահոգել է Ցեղասպանության մասին Մակրոնի հայտարարությունը

PanARMENIAN.Net - Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն արձագանքել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Հայոց ցեղասպանության մասին հայտարարությանը:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հունվարի 30-ին մասնակցել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) ընթրիքին և խոստացել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը ներառել Ֆրանսիայի օրացույցում:

Ըստ թուրքական Haberler լրատվամիջոցի՝ լրագրողները Չավուշօղլուից հետաքրքրվել են, թե նման որոշման հնարավոր ընդունումն ինչպես կանդրադառնա թուրք-ֆրանսիական հարաբերությունների վրա, հայտնում է Ermenihaber-ը:

«Եթե նույնիսկ այդ հարցը օրակարգ բերվի, կամ չբերվի, դրանից ի՞նչ կլինի: Ֆրանսիան խոսում է իրավունքից: Սակայն կա դատարանի պարզ որոշում: Ցեղասպանություն արտահայտությունը ոչ թե քաղաքական, այլ իրավական եզրույթ է: Ֆրանսիայի սահմանադրական դատարանն էլ այդ հարցի վերաբերյալ իր որոշումը կայացրել է: Եթե Ֆրանսիան իրավունքին հավատար, ապա անհրաժեշտություն չէր լինի հարցը օրակարգ բերել: Կա նաև «Դողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ նախորդ տարի կայացրած հստակ վճիռը, որը վեր է երկրի ներքին օրենսդրությունից»,- ասել է Չավուշօղլուն:

Ֆրանսիայի Սահմանադրական դատարանը 2017 հունվարի 27-ին չեղարկեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը:

«Հանուն արդարության և ճանաչման պայքարը մեր պայքարն է, մենք պայքարում ենք՝ ներառելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը Ֆրանսիայի օրացույցում»,-ասել էր Մակրոնը Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) ընթրիքին՝ հավելելով, որ կարևոր է, որպեսզի Ազգային ժողովը քննարկի այդ հարցն առաջիկա ամիսներին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---