Վարչապետ. Պետք է ընդլայնել թռիչքների աշխարհագրությունը

Վարչապետ. Պետք է ընդլայնել թռիչքների աշխարհագրությունը

PanARMENIAN.Net - Ուղևորահոսքն ավելացնելու նպատակով պետք է ընդլայնել թռիչքների աշխարհագրությունը և բյուջետային ավիաընկերություններ ներգրավել: Այդ մասին հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը, որին ներկայացվել են քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության 2017 թ. գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքները և 2018 թ. անելիքները:

«Մենք պետք է հասկանանք, թե որոնք են մեր թույլ տեղերը և ինչ պետք է շտկենք, որպեսզի կարողանանք ուղևորահոսքն էլ ավելի մեծացնել: Թիվ մեկ խնդիրը, որին մեր ջանքերը պետք է ուղղենք՝ թռիչքների աշխարհագրությունը մեծացնելն է: Երկրորդ, մենք պետք է գնահատենք քայլերը, որպեսզի կարողանանք բյուջետային ավիաընկերություններ ներգրավել: Երբ մակրո առումով հասկանանք մեր խնդրահարույց տեղերը և դրանց վրա աշխատենք՝ բերելու ենք նրան, որ մեծանալու է աշխահագրությունը, ավիաչվերթերն ավելի հաջողակ են լինելու և այլն»,- ընդգծել է Կարեն Կարապետյանը:

Կառավարության ղեկավարն անհրաժեշտ է համարել փոքր ավիացիայի զարգացումը և հատկապես կարևորել դեպի Մեղրի ավիաչվերթերի գործարկումը՝ հաշվի առնելով ազատ տնտեսական գոտու առկայությունը: «Մենք մի քանի կետերով և ուղղություններով պետք է ունենանք փոքր ավիացիայի զարգացման ծրագիր»,- ասել է վարչապետը:

Վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը զեկուցել է, որ 2017-ի համար նախատեսված բոլոր գերակա ծրագրերն ու միջոցառումները իրականացվել են: 2017թ. դեկտեմբերի 7-ից ներդրվել է ՀՀ օդային տարածքում 9.500 մետրից բարձր ժամը 00:00-ից մինչև 06:00-ն «Օդային մայրուղիներից ազատ օդային տարածք» (Free Route Airspace) հայեցակարգը: «ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ» կազմակերպության ցանցային կառավարչի հետ քննարկվել են հայեցակարգի ներդրման խնդիրները և տրվել են համապատասխան լուծումներ: Համաձայն փաստաղթղթի՝ ավիաընկերությունները հնարավորություն կունենան ՀՀ օդային տարածք մուտք գործել յուրաքանչյուր սահմանված կետից և չվերթն իրականացնել ազատորեն ընտրված երթուղով, ինչն, ըստ Ավետիսյանի, կարող է կրճատել չվերթների իրականացման ծախսերը՝ էապես նվազեցնելով վառելիքի ծախսը:

Սերգեյ Ավետիսյանը զեկուցել է, որ փոքր ավիացիայի հետ կապված արդեն իսկ ուսումնասիրություններ են իրականացվել թիրախավորված օդանավակայանների պայմանները գնահատելու և կոնկրետ հաշվարկներ կատարելու համար: Բացի այդ, վարչությունն աշխատում է մասնավոր գործընկերների հետ՝ հնարավոր համագործակցություն ծավալելու նպատակով:

Վարչապետ Կարապետյանը կարևորել է նաև տարբեր միջազգային ավիաընկերությունների կողմից Երևանը որպես տարանցիկ ուղղություն զարգացնելուն միտված քայլերը և տվել հստակ հանձնարարկաններ: Կառավարության ղեկավարը հանձնարարել է նաև հստակ ձևակերպել ավիաչվերթերի ընդլայնման, ուղևորահոսքերի ավելացման, բյուջետային ավիաընկեությունների ներգրավման, փոքր ավիացիայի զարգացման ուղղություններով 2018 թվականի ծրագիրն ու թիրախները, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

2017-ին պարզեցվել և արդիականացվել է տեղական և օտարերկրյա ավիաընկերություններին օդային հաղորդակցությունների իրականացման համար թույլտվությունների տրամադրման գործընթացը․ կրճատվել են նախկինում պահանջվող փաստաթղթերի ցանկը և թույլտվությունների տրամադրման ժամկետները, ինչպես նաև ներդրվել է մեկ պատուհանի սկզբունքը: Վարչությունն ավիաընկերությունների համար բիզնես միջավայրի բարելավման և ընթացակարգերի պարզեցման նպատակով նախաձեռնել է հայտերի ներկայացման առցանց համակարգի ներդրում: Համակարգի ներդրման նպատակով հայտարարված մրցույթում հաղթող ճանաչված ընկերության հետ արդեն իսկ մեկնարկել են հայտերի ներկայացման առցանց համակարգի ծրագրային ապահովման մշակման աշխատանքերը: «Զվարթնոց» օդանավակայանում նոր մուտք գործող ավիաընկերությունների համար իրականացվում է սակագնային ճկուն զեղչային քաղաքականություն:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---