Մայիլյան. 2018 թ․Արցախի սպասելիքները գլխավորապես կապված են դիտարկման կարողությունների ընդլայնման հետ

Մայիլյան. 2018 թ․Արցախի սպասելիքները գլխավորապես կապված են դիտարկման կարողությունների ընդլայնման հետ

PanARMENIAN.Net - 2016 թ․ ապրիլյան պատերազմն ակնառու կերպով ցուցադրել է, որ տվյալ փուլում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում առաջնահերթ խնդիր է հանդիսանում կրակի դադարեցման ռեժիմի ամրապնդումը և խաղաղ գործընթացի անշրջելիության ապահովումը: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը՝ ամփոփելով 2017թ. ու խոսելով 2018-ի սպասելիքների մասին։

Նա հավելել է, որ այդ կապակցությամբ 2018 թ․Արցախի սպասելիքները գլխավորապես կապված են ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի և դիտարկման կարողությունների ընդլայնման հետ։ «Մեր կարծիքով՝ հաջորդ քայլը պետք է լինի կրակի դադարեցման ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմի ավելի առարկայական, արդյունքին միտված քննարկումը»,-ասել է արտաքին գերատեսչության ղեկավարը։

Մասիս Մայիլյանը վստահություն է հայտնել, որ շփման գծում կայունությունը և անվտանգությունը բազմապատկիչ ազդեցություն կունենան կարգավորման ողջ գործընթացի վրա։ Մասնավորապես, ըստ նրա, դրանց շնորհիվ կհաջողվի խուսափել մարդկային զոհերից, և այդ կերպ կվերանա հակամարտող կողմերի հասարակությունների միջև լարված հարաբերությունների պահպանման հիմնական աղբյուրը։

Նա հավելել է, որ դա, իր հերթին, բարենպաստ պայմաններ կստեղծի կողմերի միջև վստահության վերականգնմանն ուղղված միջոցառումների իրականացման համար։ Այդ քայլերի ամբողջությունը բանակցային գործընթացի առաջմղման համար կապահովի ավելի կառուցողական մթնոլորտ։

«Իհարկե, 2018 թ․ բանակցային գործընթացում նմանատիպ դինամիկա ակնկալելը չափազանց լավատեսական կլիներ։ Միևնույն ժամանակ, բավականին իրատեսական ենք համարում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի և նրա դիտարկման կարողությունների ընդլայնումը, իհարկե, ադրբեջանական կողմի մոտ քաղաքական կամքի առկայության դեպքում»,-ասել է Մայիլյանը, հայտնում է Արցախի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Միևնույն ժամանակ, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում իրական առաջընթաց ապահովելու համար անհրաժեշտ է լիարժեք ձևաչափով բանակցությունների վերականգնումը՝ դրա բոլոր փուլերին Արցախի Հանրապետության մասնակցությամբ։ Բանակցություններին Արցախի լիարժեք մասնակցությունը կբարձրացնի խաղաղ գործընթացի արդյունավետությունը։ Արցախի իշխանությունները շարունակում են հանդես գալ գործընթացին լիիրավ մասնակցության օգտին և պատրաստ են դե-յուրե ստանձնել իրենց բաժին պատասխանատվությունը՝ տարածաշրջանային կայունության ապահովման և, ընդհանրապես, տարածաշրջանի ճակատագրի համար։

Փետրվարի 19–ին կայացել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի տարեկան ամփոփիչ մամուլի ասուլիսը, որի ընթացքում ԱԳՆ ղեկավարը ներկայացրել է 2017 թ. արտաքին քաղաքական գերատեսչության կողմից կատարված աշխատանքները։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---