Էստոնիայում Հայաստանի պատմական քարտեզներին նվիրված ցուցահանդես է բացվել

Էստոնիայում  Հայաստանի պատմական քարտեզներին նվիրված ցուցահանդես է բացվել

PanARMENIAN.Net - Մարտի 14-ին Էստոնիայում ՀՀ դեսպանության (նստավայրը՝ Վիլնյուս) կազմակերպմամբ Էստոնիայի ազգային գրադարանում տեղի է ունեցել «Հայաստանը հնագույն քարտեզներում» ցուցահանդեսի բացման արարողությունը:

Բացմանը ներկա էին Էստոնիայի պետական գերատեսչությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, հասարակական, քաղաքական և մշակութային գործիչներ, Էստոնիայում հավատարմագրված դեսպաններ, լրագրողներ և հայ համայնքի ներկայացուցիչներ:

Բացման խոսքում Էստոնիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը մասնավորապես նշել է, որ ցուցահանդեսի նպատակն է օտար քարտեզագիրների միջոցով ներկայացնել հայոց հազարամյա պատմության ընթացքը: Քարտեզներում ներկայացված են հայոց պատմության ինչպես անկման, այնպես էլ` վերելքի ժամանակաշրջանները:

Դատապարտելով հայոց պատմության նկատմամբ ոտնձգության փորձերը` դեսպանը հավելել է, որ թե Հայոց ցեղասպանության ժխտողականության, թե Երևանը որպես ոչ հայկական տարածք ներկայացնելու անմիտ փորձերի ակունքը նույնն է՝ հայատյացությունը, որի սերմանումը սկսվում է մանկապարտեզներում և դպրոցներում: Դեսպան Մկրտչյանը նաև նշել է, որ ընդամենը հարյուր տարի առաջ քաղաքական քարտեզի վրա հայտնված պետությունն արդեն մի քանի տասնամյակներ շարունակ փորձում է կեղծ գիտական ագրեսիա կիրառել հայոց պատմության նկատմամբ, ինչն ամենուր և մշտապես պետք է արժանանա դատապարտման:

Տալլինի ազգային գրադարանի տնօրեն Յանե Անդրեսոնն իր խոսքում նշել է. «Առիթն օգտագործելով, շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության 100-ամյակի կապակցությամբ. հրաշալի գաղափար է՝ նշելու Հայաստանի համար պատմական և արժանահիշատակ այս իրադարձությունը՝ ներկայացնելով երկրի տարածքային զարգացումները դարերի ընթացքում: Քարտեզագրական նման նյութի ցուցադրությունը վկայում է, որ արագ փոփոխվող ժամանակներում մշակութային ժառանգության արժեքավոր մասը պահպանվել է», հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Քարտեզները ներկայացնող Ռուբեն Գալիչյանն ասել է. «Ամբողջ աշխարհի գրադարաններում և թանգարաններում պահպանվող պատմական քարտեզների 40 տարվա իմ հետազոտության արդյունքում Հայաստանը պատմության տարբեր ժամանակաշրջաններում ներկայացվում է շուրջ 60 քարտեզների միջոցով»:

Միջոցառման բացմանը հաջորդել է ազգային, ժողովրդական երգացանկ ներկայացնող հայ համայնքի կողմից կազմակերպված մշակութային միջոցառումը: Ցուցահանդեսը, որն անցկացվում է Էստոնիայի ազգային գրադարանի և Էստոնիայի հայերի միության աջակցությամբ, բաց է լինելու մինչև ապրիլի 4-ը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---