Սերժ Սարգսյանն ու Իտալիայի Սենատի նախագահը քննարկել են ԼՂ խնդիրը

Սերժ Սարգսյանն ու Իտալիայի Սենատի նախագահը քննարկել են ԼՂ խնդիրը

PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Իտալիայում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 5-ի երեկոյան հանդիպում է ունեցել Իտալիայի Սենատի նախագահ Մարիա Էլիզաբետա Կազելատիի հետ:Նախագահը շնորհավորել է նրան Սենատի նախագահի բարձր պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և հույս հայտնել, որ հայ-իտալական բազմաբովանդակ հարաբերությունների օրակարգում վաղուց իրենց հաստատուն տեղը զբաղեցնող միջխորհրդարանական կապերը կշարունակվեն ընդլայնվել և ամրապնդվել նաև տիկին Կազելատիի անձնական ջանքերի շնորհիվ։

Նախագահ Սարգսյանը և Իտալիայի Սենատի նախագահ Կազելատին մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի շուրջ:

Սերժ Սարգսյանը կարևորել է օրենսդիր մարմինների դերը միջպետական հարաբերությունների զարգացման, փոխվստահության և փոխըմբռնման մթնոլորտ ձևավորելու գործում և նշել, որ Հայաստանը շահագրռված է առավել սերտ կապեր հաստատել երկու երկրների խորհրդարանների միջև և հարաբերությունները զարգացնել նաև միջխորհրդարանական վեհաժողովների շրջանակներում, ինչը, Նախագահի համոզմամբ, Հայաստանին և Իտալիային թույլ կտա կարևոր հարցերի շուրջ միմյանց համակողմանի աջակցություն ցուցաբերել:

Հանդիպման ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը նաև շնորհակալություն է հայտնել և բարձր գնահատել Իտալիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը, հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

Ընդգծելով, որ հայ-իտալական առանձնահատուկ կապերի հիմքում ընկած են երկու բարեկամ ժողովուրդների պատմական սերտ առնչություններն ու նույնակունք քրիստոնեական արժեհամակարգը, նախագահը գոհունակությամբ է արձանագրել, որ հայ-իտալական միջպետական հարաբերությունները անցած քառորդ դարում զարգացել են գործընկերության ու փոխվստահության ոգով, և այսօր երկու երկրները նշանակալի համագործակցություն ունեն տնտեսական, պաշտպանական, միջխորհրդարանական, ապակենտրոնացված և հումանիտար ոլորտներում: Հայաստանի և Իտալիայի միջև փոխադարձ հարգանքի և վստահության կարևոր ևս մեկ օրինակ էլ, Հանրապետության նախագահի համոզմամբ, Լիբանանում՝ ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի իտալական հրամանատարության ներքո, հայ զինվորների արդյունավետ ծառայությունն է։

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին և համագործակցությանը, որը նաև հայ-իտալական փոխգործակցության օրակարգի կարևոր ուղղություններից է:

Վատիկան պաշտոնական այցի շրջանակներում նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 5-ին Վատիկանում մասնակցել է «Տիեզերական եկեղեցու վարդապետ» հռչակված աստվածաշնորհ սուրբ Գրիգոր Նարեկացու արձանի բացման արարողությանը:Վատիկանի պարտեզներում արձանի հանդիսավոր բացումից հետո տեղի է ունեցել էկումենիկ արարողություն` Հռոմի սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս պապի, Ամենայն Հայոց Գարեգին Բ և և Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսների մասնակցությամբ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---