Լավրով. ԼՂ կարգավորման հարցում հայտնվել են որոշ նոր գաղափարներ

Լավրով. ԼՂ կարգավորման հարցում հայտնվել են որոշ նոր գաղափարներ

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այժմ ղարաբաղյան հակամարտության կարգավորման որոշ նոր գաղափարներ են առաջ տանում: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով հայկական ԶԼՄ-ների հարցերին:

Նա նշել է, որ ղարաբաղյան հակամարտության կողմերը բանակցություններում առաջընթացի համար պետք է հրաժարվեն միմյանց հանդեպ անվստահությունից՝ օգտագործելով 2011թ. Կազանի գագաթնաժողովի մշակումները:

ԱԳ նախարարը հավելել է, որ այդ գաղափարները հարկավոր է «թղթին հանձնել»: Լավրովը նշել է, որ 2011թ. Կազանի գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները շատ ինտենսիվ էին ընթանում, այդ թվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջև:

«Սակայն, գագաթնաժողովի ընթացքում լրացուցիչ հարցեր ու մեկնաբանություններ հայտնվեցին: Այդպես լինում է: Մենք դրանից մեծ ողբերգություն չենք սարքում: Աշխատանքը շարունակվելու է: Վստահ եմ, որ այսպես կոչված Կազանի փաստաթղթից շատ բան նախկինի պես պահանջված է»,-ասել է Լավրովը:

«Կարծում եմ, որ այն տարիներին մշակվածից ոչ մի բան չի կորել: Թեև, անշուշտ, այս ընթացքում հայտնվել են որոշ նոր գաղափարներ, որոնք այժմ համանախագահներն առաջ են տանում կողմերի հետ շփումներում»,-ասել է նախարարը:

Ավելի վաղ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ ստատուս-քվոյի փոփոխությունը հայերի համար ընդունելի է, բայց միայն ու միայն հիմնահարցի համապարփակ կարգավորման դեպքում: «Հայաստանը բազմիցս է կողմ արտահայտվել փոխզիջման հիման վրա հանգուցալուծման գնալու օգտին, որի էությունը Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչումն ու իրացումն է», - ասել է նախագահը։

Նա հավելել է, որ այս մոտեցումն էր արտացոլված Կազանի փաստաթղթում։ Թեև այն մերժվեց Ադրբեջանի կողմից, բայց նախորդ փաստաթղթերի նման ի պահ չհանձնվեց ԵԱՀԿ քարտուղարություն, այսինքն` շարունակում է մնալ որպես վերջին աշխատանքային փաստաթուղթ։

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---