Սերժ Թանկյանը դեռ չի գա Հայաստան․ Հույս ունի՝ կմիանա մոտ ապագայում (վիդեո)

Սերժ Թանկյանը դեռ չի գա Հայաստան․ Հույս ունի՝ կմիանա մոտ ապագայում

PanARMENIAN.Net - Հայտնի ռոք երգիչ Սերժ Թանկյանն ապրիլի 21-ին չի ժամանի Երևան Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ բողոքի ցույցերին մասնակցելու համար: Նա տեսաուղերձ է հղել Երևանում 9-րդ օրը շարունակ ընթացող բողոքի ցույցերի մասնակիցներին՝ նշելով, որ դեռևս չի ժամանի, թեև շատ կուզեր լինել Երևանում, «քանի որ սրտով և մտքով ամբողջովին» ցուցարարների հետ է։

«Մինչև հիմա չեմ կարողացել Հայաստան գալ այլ պատճառներով, բայց կհուսամ, որ առաջիկայում կկառողանամ։ Ցանկանում եմ շնորհավորել Ձեզ Հայաստանի պատմության մեջ մինչ օրս ամենահաջող քաղաքացիական անհնազանդության քարոզարշավի համար: Այս շարժումը իսկական է և այն լիովին ձերն է և պետք է մնա այդպիսին, զերծ իրենց շահը հետապնդող կասկածելի ուժերից։ Պետք է իմանաք, որ Սփյուռքում բոլորը ձեզ աջակցում են, նույնիսկ նրանք, ովքեր լինելով տարբեր կազմակերպություններում, որոշ պատճառներով դեմ են ձեր ջանքերին, բայց ներքուստ նրանք նույնպես ձեզ աջակցում են։ Մենք ապշած ենք ձեր առաքինությամբ, խաղաղասիրությամբ և հանդուրժողականությամբ։

Ես տեսնում եմ սերը ձեր աչքերի մեջ և ձեր սրտերում և ձեր դեմքերի ժպիտները, ինչպես ես արդեն տեսել էի, երբ մենք 2015-ին բեմից ելույթ ունեցանք System of the Downի հետ: Ես տեսնում եմ այն նաև ձեր բողոքի ցույցերում։ Սա յուրահատուկ բան է Հայաստանի համար, սա նոր մշակութային հեղափոխություն է, և դա է այսօր իսկական հեղափոխությունը Հայաստանում: Դուք փոխել եք ձեր մշակույթը, և դրա շնորհիվ արդեն հաղթել եք։ Դուք հասկացել եք, որ այս մշակույթի փոփոխությունը, այս մշակութային զարթոնքը և արդարության պահանջը մարդու հիմնական իրավունքներն են»,-ասվում է ուղերձում:

Թանկյանը նաև մի քանի խորհուրդներ է տվել, որից առաջինը՝ հեռու մնալ «գունավոր հեղափոխության» տերմինաբանությունից, քանզի այն ընդհանրացվում է Արևելք -Արեվմուտք առճակատման հետ։ «Մեր պայքարը Արեվելքին կամ Արեվմուտքին կողմ կամ դեմ լինելը չէ, այլ այն արդարության և առաջադիմական փոփոխության համար է: Մենք չենք ուզում որևէ կայսրության վասալ պետությունը լինել, մեզ պետք են լավ հարաբերություններ բոլորի հետ»,-ասել է երգիչը:

Երկրորդ հերթին Թանկյանը խորհուրդ է տալիս ցուցարարներին պահանջները կոնկրետացնել: «Առաջարկում եմ պահանջել, որ Սերժ Սարգսյանը ոչ միայն հրաժարական տա վարչապետի պաշտոնից, այլ նաև հրաժարվի իր կուսակցության առաջնորդը լինելուց: Այնուհետև ես կպահանջեի բարեփոխումների փաթեթ, որը կզբաղվեր այն բոլոր անարդարություններով, որոնք մեզ հայտնի են `կոռուպցիա, շրջակա միջավայրի աղտոտում, և այլ բաներ, ներկայացնելով հստակ ժամանակահատված նոր կառավարությանը դրանք իրականացնելու համար։ Եթե բարեփոխումները տեղի չեն ունենում, ապա ես ամսաթիվ կնաշանակեի ապագա նոր բողոքի ցույցերի համար, այս անգամ պահանջելով խորհրդարանի հրաժարականը և նոր խորհրդարանական ընտրություններ»:

Եվ երրորդ հերթին նա խորհուրդ է տալիս շարունակել խաղաղ դիմադրությունը, խուսափել սադրիչների թակարդներից՝ «նրանք կստանան իրենց անարդարությունը, երբ նրանց ղեկավարները մի օր կազատվեն աշխատանքից, և նրանք ստիպված կլինեն գալ ձեր մոտ աշխատանք խնդրելու համար: Շարունակեք լինել ճկուն, արդար, անկեղծ և սիրող, շարունակեք ոստիկանության հետ վարվել եղբայրների և քույրերի պես, քանի որ նրանք այդիսին են իրականում»։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---