ՀՀ խորհրդարանականները վերահաստատել են Արցախի հարցում միասնական մոտեցման կարևորությունը

ՀՀ խորհրդարանականները վերահաստատել են Արցախի հարցում միասնական մոտեցման կարևորությունը

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 4-ին ընդունել է Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակությանը:Նա կարեւորել է Հայաստանում ներքաղաքական կայունության հաստատման անհրաժեշտությունը՝ նշելով, որ դրանից է մեծապես կախված նաև Արցախի անվտանգությունը:

Բակո Սահակյանի մոտ տեղի ունեցած հանդիպումից հետո ՀՀ Ազգային ժողովի «ՀՀԿ», «Ծառուկյան», «ԵԼՔ», «ՀՅԴ» խմբակցությունների ներկայացուցիչները պատասխանել են լրագրողների հարցերին:

Հայաստանի հանրապետական կուսակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանն ասել է, որ բավականին լուրջ անկեղծ զրույց են ունեցել ԱՀ նախագահի հետ՝ Հայաստանի ներքաղաքական վերջին իրադարձությունների ֆոնին քննարկելով Արցախի անվտանգության հարցը: Մելիքյանի խոսքով՝ հանդիպումը նպատակ էր հետապնդում նաև Արցախի նախագահի ազդեցիկ դերը ի նպաստ բերելու ստեղծված ներքաղաքական լարվածության թուլացման և երկխոսության համար: «Համոզված եմ նաև, որ մեր ժողովուրդը սթափ է գնահատում իրավիճակը, և որ այդ սթափությունը մեզ կտանի դրական լիցքերի: Կարծում եմ՝ այն համախմբվածությունը, որ գոյություն ունի ժողովրդի մեջ, պետք է օգտագործել միայն ի շահ մեր պետության անվտանգության ապահովման և տնտեսական վերելքի»,- ավելացրել է Մելիքյանը, հայտնում է «Արցախպրեսը»:

ՀՀ ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության ներկայացուցիչ Միքայել Մելքումյանն ասել է, որ հանդիպման հիմնական նպատակն այն է, որ ՀՀ ներքաղաքական կյանքի լարված իրավիճակում բոլորը միահամուռ կարևորեն պետական և ազգային խնդիրը՝ Արցախի անվտանգությունն ու սահմանների անառիկությունը: «Բնականաբար, այստեղ կան նաև ռիսկեր, և հակառակորդը այս իրավիճակից կարող է օգտվել: Սակայն բոլոր քաղաքական ուժերն էլ այս առումով արտահայտեցին իրենց մտահոգությունները և վերահաստատեցին, որ Արցախի հարցում տարակարծություններ չկան»,- նշել է Մելքումյանը:

«ԵԼՔ» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանն ասել է, որ ՀՀ-ում քաղաքական իրադարձությունների սրընթաց զարգացման պայմաններում էական են ԱՀ ղեկավարության հետ անընդհատ և անմիջական շփումները, տեղեկատվության փոխանակումը, ինչը տեղի ունեցավ նախագահ Սահակյանի հետ հանդիպման ընթացքում: «Հայ ժողովրդի համար ստեղծվել է աննախադեպ հնարավորությունների մի շրջան, և մեր բոլոր քաղաքական ուժերը, ժողովրդի առաջնորդությամբ և ժողովրդի կամքին ենթարկվելով, պետք է միահամուռ ջանքեր գործադրեն, որպեսզի այդ հնարավորություններից լավագույնը քաղենք թե՛ տնտեսական, թե՛ ներդրումների, թե՛ միջազգային հեղինակության և թե՛ բանակցային գործընթացում հայկական կողմերի դիրքի ամրապնդման առումներով»- ասել է Միրզոյանը:

Իսկ «ՀՅԴ» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի խոսքով՝ նախագահ Սահակյանի հետ հանդիպմանը կարևորվել է, որ ներքաղաքական ճգնաժամի հանգուցալուծումը պետք է լինի ոչ միայն խաղաղ, այլև հնարավորինս արագ, որպեսզի հակառակորդի մոտ նոր ագրեսիա սկսելու գայթակղություն չառաջանա: «Մենք տեսնում ենք նաև հնարավորություն, որ այս համաժողովրդական շարժումը կզսպի Ադրբեջանին: Այս շարժումից պետք է դուրս գանք ավելի համախմբված, և բոլոր ջանքերն ուղղված են դրան»,- ընդգծել է Ռուստամյանը: անդիպմանը մասնակցում էին նաև Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պետնախարար Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---