// IP Marketing video - START// IP Marketing video - END

ՔԱԳՎ. ՀՀ շուկայում 12 նոր ավիաընկերություն կա և 12 նոր երթուղի

ՔԱԳՎ. ՀՀ շուկայում 12 նոր ավիաընկերություն կա և 12 նոր երթուղի

PanARMENIAN.Net - ՀՀ օդային մայրուղիներով իրականացված տարանցիկ չվերթների քանակը կտրուկ աճել է: Այդ մասին ասվում է ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության հաշվետվության մեջ վերջին մոտ 2 տարվա աշխատանքների վերաբերյալ:

Մասնավորապես, հայկական շուկան է մուտք գործել 12 նոր ավիաընկերություն (Armenia Aircompany, Brussels Airways, Qatar Airways, Wataniya Airways, Germania Fluggesellschaft, Arkia Israeli Airlines, Cham Wings, Air Cairo, Turkmenistan Airlines, Red Wings, Nordwind Airlines, Pobeda), բացվել է 12 նոր երթուղի (Լիոն, Բրյուսել, Դոհա, Քուվեյթ, Բեռլին, Պրահա, Թել Ավիվ, Դամասկոս, Շարմ էլ Շեյխ, Աշխաբադ, Ֆրանկֆուրտ, Աստանա) և շուկա է հետ վերադարձել երկու ավիաընկերություն (Belavia, Czech Airlines):

Նոր երթուղիներն իրենց դրական ազդեցությունն են թողել Հայաստանի օդանավակայանների արտադրական ցուցանիշների վրա: Հատկանշական են երկարատև դադարից հետո վերագործարկված Գյումրու «Շիրակ» օդանավակայանի արձանագրած ցուցանիշները:

Գլխավոր վարչությունն ավիաընկերությունների համար թույլտվությունների տրամադրման գործընթացի պարզեցման և վարչարարական բեռի նվազեցման նպատակով՝ վերանայել է ՀՀ-ում գործող ենթաօրենսդրական դաշտը՝ կրճատելով թույլտվությունների տրամադրման համար պահանջվող փաստաթղթերի ցանկը և ներդնելով «մեկ պատուհանի» սկզբունքը:

ՀՀ օդային տարածքի արդյունավետության բարձրացման նպատակով՝ ներդրվել է «Օդային մայրուղիներից ազատ օդային տարածք»-ի հայեցակարգը: Ավիաընկերությունները, ներդրված հայեցակարգի շնորհիվ, հնարավորություն ունենան ՀՀ օդային տարածք մուտք գործել յուրաքանչյուր կետից և չվերթն իրականացնել ազատորեն ընտրված երթուղով:

Գյումրու «Շիրակ» օդանավակայանի զարգացման և այդ օդանավակայան բյուջետային ավիաընկերությունների ներգրավման նպատակով՝ «Շիրակ» օդանավակայանում աերոնավիգացիոն սպասարկումն իրականցվում է 50% զեղչով, իսկ օդերևութաբանական սպասարկումն անվճար է։

Նախաստորագրվել է «ՀՀ-ի և ԵՄ-ի միջև Համապարփակ օդային փոխադրումների մասին» համաձայնագիրը, որի կնքման արդյունքում՝ ՀՀ-ն կազատականացնի շուկան ԵՄ բոլոր անդամ-պետությունների հետ և ՀՀ-ում կներդրվեն ԵՄ գործող չափանիշները՝ ապահովելով կանխատեսելի բիզնես միջավայր ավիաընկերությունների համար։

Մշակվել է «Ավիացիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որում կատարված փոփոխությունների արդյունքում հստակեցվել են փոքր ավիացիայի տարատեսակները և փոքր ավիացիայում օգտագործվող որոշ օդանավերի կարգավորման առանձնահատկությունները, ներքին չվերթների խրախուսման նպատակով պարզեցվել են ներքին օդանավակայանների սերտիֆիկացման ընթացակարգերը, հստակեցվել են օդանավ շահագործող կազմակերպությունների մասնակիցների մասնակցության վերաբերյալ որոշիչ առանձնահատկությունները, Գլխավոր վարչության կողմից տրամադրվող թույլտվությունների, վկայականների, սերտիֆիկատների գործողության կասեցման հիմքերը և այլն:

Վերջնականացման փուլում է գտնվում չվերթների իրականացման թույլտվությունների ստացման համար հայտերի ներկայացման առցանց համակարգի ներդրումը, որը կնպաստի վարչարարական բեռի նվազեցմանն ու ընթացակարգային հետաձգումների կանխմանը:

Կատարած աշխատանքների արդյունքում արտասահմանյան ավիաընկերություններում աշխատող 21 օդաչու վերադարձել է Հայաստանի Հանրապետություն և սկսել աշխատել ՀՀ-ում գրանցված ավիաընկերություններում, ևս 50 աշխատատեղ է ստեղծվել բորտուղեկցորդների համար:

Հայաստանում առաջին անգամ մեկնարկել են մասնավոր օդաչուի պատրաստաման դասընթացները, առաջին անգամ օդապարիկ է գրանցվել ՀՀ օդանավերի պետական ռեգիստրում, առաջին անգամ ուղղաթիռներով չվերթներ կիրականացվեն Հայաստանի երկնքում:

Առաջիկայում Հայաստանի երկինքը կսպասարկեն նաև ուղղաթիռները: ՀՀ քաղաքացիներն ու զբոսաշրջիկները հնարավորություն կունենան ամերիկյան Robinson R66 և եվրոպական AIRBUS EC130T2 ուղղաթիռներով շրջագայել ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս:

 Ուշագրավ
Նախնական փուլում նախատեսվում է բազայի կառուցումը, որտեղ կլինեն հյուրանոցներ, առևտրային կենտրոններ, ռեստորաններ, խանութներ, օժանդակ այլ կառույցներ
Խոշոր եղջերավոր կենդանիների թիվը7,8%-ով
Ընդհանուր վարկերի ծավալն կազմել է 2,374 տրլն
6 տարում $138 մլն-ի եկամուտ կարող է ապահովվել