Բելառուսում բացվել է մարշալ Բաղրամյանի կիսանդրին

Բելառուսում բացվել է մարշալ Բաղրամյանի կիսանդրին

PanARMENIAN.Net - Մայիսի 19-ին Բելառուսի Վիտեբսկի մարզի Գորոդոկ քաղաքում կայացել է մարշալՀովհաննես Բաղրամյանիհուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել է ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը:

Արձանը կանգնեցվել է «Անիվ» հայագիտական հետազոտությունների զարգացման հիմնադրամի տնօրեն Արմեն Խեչոյանի, Բելառուսի հայ համայնքի ներկայացուցիչ-բարերարների նախաձեռնությամբ և Բելառուսում ՀՀ դեսպանության աջակցությամբ:

Միջոցառմանը ներկա էին Վիտեբսկի մարզի պատգամավորների խորհրդի նախագահ Վլադիմիր Տերենտևը, մարշալ Հ.Բաղրամյանի թոռ՝ Իվան Բաղրամյանը, Վիտեբսկի մարզային և Գորոդոկի շրջանային վարչակազմի ղեկավարներ և ներկայացուցիչներ, ՀՀ դեսպանության աշխատակիցներ, Բելառուսի պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ և զինվորականներ, մտավորականներ ու վետերաններ, հայ համայնքի ղեկավարներ և բազմաթիվ ներկայացուցիչներ:

Մարշալ Բաղրամյանի կիսանդրին նախագծել է հայտնի ճարտարապետ, Բելառուսի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետության ֆակուլտետի դեկան Արմեն Սարդարովը, իսկ պատրաստել՝ Բելառուսում հայտնի հայ քանդակագործ և նկարիչ Սպարտակ Հարությունյանը:

Իր ելույթում դեսպան Եսայանը, նշելով հայ ազգի ակնառու ավանդը Հայրենական մեծ պատերազմում ընդհանուր հաղթանակի գործում, շնորհակալություն է հայտնել բելառուս ժողովրդին՝ Բելառուսի զգալի մասն ազատագրած մարշալ Հովհաննես Բաղրամյանի, ինչպես նաև ընդհանուր հաղթանակի հիշողությունը վառ պահելու համար: Հայաստանի դեսպանը դեսպանության անունից շնորհակալական խոսք է հղել նաև հուշարձանի ստեղծման, տեղադրման, միջոցառման կազմակերպման բոլոր հեղինակներին ու մասնակիցներին, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

ՀՀ դեսպանը բելառուսական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում նշել է, որ բելառուսական հողում մարշալ Բաղրամյանի հուշարձանի բացումն առանձնահատուկ իմաստ և նշանակություն ունի՝ Խորհրդային Միության կրկնակի հերոսի փառքը հավերժացնելու և հայ-բելառուսական հարաբերությունների ամրապնդման գործում:

Բացմանը հաջորդել է Բելառուսի հայկական պարային համույթների, երաժշտական խմբերի և երգիչների համերգը:

Հովհաննես Բաղրամյանը Խորհրդային Միության նշանավոր զորահրամանատար է, Խորհրդային Միության մարշալ, ԽՍՀՄ պաշտպանության փոխնախարար։ 1915-ին Բաղրամյանը կամավոր ընդգրկվել է Ռուսաստանի բանակում՝ 2-րդ Կովկասյան սահմանային գնդում՝ Ռուսաստանի էքսպեդիցիոն կորպուսի կազմում, և Առաջին համաշխարհային պատերազմի մեծ մասը կռվեց Կովկասյան ճակատում՝ Օսմանյան կայսրության դեմ։ Հայկական բանակի կազմում մասնակցել է 1918-ի Սարիղամիշի և Կարսի տարածքում թուրքերի դեմ կռիվներին, ինչպես նաև Սարդարապատի հերոսամարտին։

1941-ի հունիսին նշանակվել է ԽՍՀՄ բանակի շտաբի պետի տեղակալ Հարավ-արևմտյան ռազմաճակատում: 1942-ին առաջ է քաշվել 11-րդ գվարդիական բանակի հրամանատարի պաշտոնին, և վարել է Օրյոլի մոտ «Կուտուզով» օպերացիան։ 1943-ին Բաղրամյանը գեներալ-գնդապետի կոչումով նշանակվել է 1-ին Մերձբալթյան ռազմաճակատի հրամանատար և մասնակցեց 1944-ի խորհրդային մեծ հարձակմանը Բելառուսում և Լիտվայում՝ («Բագրատիոն» օպերացիա)։ Նրա բանակները ճեղքեցին-հասան Բալթիկ ծով և շրջապատեցին 30 գերմանական դիվիզիաների Լատվիայում։ Այս ռազմական սխրագործության համար Բաղրամյանն արժանացավ Սովետական Միության հերոսի կոչման։

1945-ի սկզբին նրա բանակը մասնակցել է Արևելյան Պրուսիայի գրավմանը։ Բաղրամյանն էր ղեկավարում Քեոնիգսբերգի (այժմ՝ Կալինինգրադ) գրավման օպերացիան. 1945 թվականի ապրիլին և 1945 թվականի վերջին ստիպեց Մերձբալթիկայում շրջափակված գերմանական հզոր զորախմբավորմանը հանձնվել։ 1955-ին նշանակվել է ԽՍՀՄ պաշտպանության փոխնախարար և ստացավ Խորհրդային Միության մարշալի կոչում։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---