Մնացականյանը՝ Լավրովին. ՀՀ-ն հավատարիմ է ԼՂ հիմնահարցի բացառապես խաղաղ հանգուցալուծման հանձնառությանը

Մնացականյանը՝ Լավրովին. ՀՀ-ն հավատարիմ է ԼՂ հիմնահարցի բացառապես խաղաղ հանգուցալուծման հանձնառությանը

PanARMENIAN.Net - Մայիսի 23-ին հայկական կողմի նախաձեռնությամբ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ: Նախարարները շնորհավորել են միմյանց արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ նշանակվելու և վերանշանակվելու կապակցությամբ՝ վերահաստատելով Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունների առավել ընդլայնման և խորացման շարունակականության ուղղությամբ շահագրգռվածությունը:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատել Ռուսաստանի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների՝ Ֆրասնիայի և Միացյալ Նահանգների հետ միասին գործադրվող ջանքերը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ: Այս համատեքստում Զոհրաբ Մնացականյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ հանգուցալուծմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։ Նա ընդգծել է, որ գործընթացի հաջողության համար կարևոր է խաղաղությանը միտված մթնոլորտի առկայությունը, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Հեռախոսազրույցի ընթացքում կարևորվել է մայիսի 14-ին Սոչիում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև կայացած բովանդակային երկխոսությունը։

Նախարարները քննարկել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերով փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցեր, տարածաշրջանային և միջազգային խնդիրներ:

Հայ-ռուսական օրակարգի առավել հանգամանալից քննարկման, հարաբերություններն առաջ մղելու նպատակով Զոհրաբ Մնացականյանն ընդունել է մոտ ապագայում Մոսկվա այցելելու Սերգեյ Լավրովի հրավերը։

ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախ այցի ժամանակ մամուլի ասուլիսի ընթացքում ԼՂ հարցով բանակցություններում նոր մոտեցում էր առաջարկել. նրա խոսքով,Հայաստանի Հանրապետության անունից Ադրբեջանի նախագահի հետ ինքը պատրաստ է բանակցել, բայց Արցախի անունից պետք է բանակցի Արցախի իշխանությունը՝ ի դեմս նախագահ Բակո Սահականի։Փաշինյանի խոսքով՝ ԵԱՀԿ ՄԽ շրջանակում բանակցությունների ձևաչափը չի կարող ամբողջական համարվել, քանի դեռ դրան չի մասնակցում Արցախը, ինչն էլ պատճառներից մեկն է, որ բանակցությունները սպասվող արդյունքը չեն տալիս։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1–ից ՀՀ–ն պաշտոնապես միացել է Հաագայի Միջազգային քրեական դատարանին
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
---