Փոխվարչապետ. Կապի մեջ ենք «ԳեոՊրոՄայնինգ գոլդի» ղեկավարության հետ, հորդորել ենք ցուցարարներին բացել ճանապարհը

Փոխվարչապետ. Կապի մեջ ենք «ԳեոՊրոՄայնինգ գոլդի» ղեկավարության հետ, հորդորել ենք ցուցարարներին բացել ճանապարհը

PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մայիսի 24-ին կառավարության շենքի մոտ հանդիպել է «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերության դեմ բողոքող ցուցարարներին: Նրանք մասնավորապես դժգոհում են ընկերության վարած կադրային քաղաքականությունից, ինչպես նաև դրա ստեղծած բնապահպանական խնդիրներից: Այս մասին PanARMENIAN.Net ի հետ զրույցում տեղեկացրեց ինքը՝ փոխվարչապետը:

Անդրադառնալով ընկերության տարածած հայտարարությանը, որի համաձայն այն «մի խումբ կողմնակի անձանց գործողությունների հետևանքով» դադարեցնում է իր գործունեությունը, փոխվարչապետը տեղեկացրեց, որ հորդորել է բողոքի ակցիաներ իրականացնողներին բացել ճանապարհները՝ չխոչընդոտելով ընկերության բնականոն գործունեությանը:

«Մենք մշտական կապի մեջ ենք երկու կողմի հետ էլ, այս պահին, ցավոք, խնդիրը դեռևս լուծված չէ, սակայն կշարունակենք աշխատանքը նրանց հետ», - ասել է Ավինյանը:

Ավելի վաղ, «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերությունը, որը Հայաստանում շահագործում է Սոթքի հանքը և Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան, ինչպես նաև Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատը, հաղորդում է այն մասին, որ Սոթքի հանքում արտադրությունը կանգ է առել։

«Մասնավորապես, մայիսի 17-18-ը, ինչպես նաև մայիսի 22-ից մինչ օրս մի խումբ անձինք, իրենց գործողությունները մոտիվացնելով քաղաքական և ազգայնական լոզունգներով, փակել են դեպի հանք տանող ճանապարհները և տեխնիկայի մուտքը դեպի վառելիքա-քսայուղային նյութերի կայան։ Նրանք փակել են նաև Սոթք-Արարատ երկաթուղային ճյուղ տանող ճանապարհը, որով իրականացվում է հանքաքարի ամենօրյա փոխադրումը Սոթքի հանքից դեպի Արարատի ֆաբրիկա»,-ասվում է ընկերության տարածած հայտարարության մեջ։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---