// IP Marketing video - START// IP Marketing video - END

Յան. Եթե ԿԳՆ-ն չփոխի «Այբի» հանդեպ վերաբերմունքը, ստիպված կվերանայենք կրթությանը նվիրատվությունը

Յան. Եթե ԿԳՆ-ն չփոխի «Այբի» հանդեպ վերաբերմունքը, ստիպված կվերանայենք կրթությանը նվիրատվությունը

PanARMENIAN.Net - «Այբ» դպրոցն ու «Այբ» կրթական հիմնադրամը կյանքի գործ են դարձել աշխարհի բազում նվիրատուների (200+) համար: Այդ մասին իր ֆեսյբուքյան էջում գրառում է կատարել «Այբ կրթական հիմնադրամի» հիմնադիրներից Դավիթ Յանը:

«Տիկնոջս՝ Ալյոնայի հետ, մեր բոլոր ազատ ֆինանսական միջոցները տալիս ենք «Այբին», և 2017-ին որոշում ենք կայացրել ևս 15-30 մլն դոլար նվիրաբերել Հայաստանում իրականացվող կրթական նախագծերին և «Այբին» մի քանի տարվա հեռանկարով: Փոփոխությունները, իշխանության փոփոխականությունը, ժողովրդավարական արժեքները շատ մոտ են ինձ և Ալյոնային: Մենք մեծ հույսերով էինք հետևում հայաստանյան նորություններին, կարծիքներ փոխանակում ընկերների հետ: Ես շփվել եմ ընկերոջս՝ Սերժ Թանկյանի հետ, երբ նա Հայաստան էր ժամանել՝ սատարելու նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանին», - գրել է Յանը:

«Այբի» ու Արայիկ Հարությունյանի միջև հրապարակային բանավեճը սկսվել էր այն բանից հետո, երբ Հարությունյանը հայտարարել էր, որ պետությունն այլևս չի ֆինանսավորելու մասնավոր դպրոցները՝ «տեր մեսրոպներին» (ակնարկելով «Այբ» դպրոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Մեսրոպ քահանա Արամյանին - խմբ) միլիոններ հատկացնելով։ Ի պատասխան «Այբը» հայտարարել է, որ դպրոցը երբեք չի ստացել պետական միջոցներ՝ գումարը հատկացվել է Արարատյան բակալավրիատի ծրագրին, իսկ դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանը ասել էր, որ նախարարը գրոհել է հիմնադրամն առանց բովանդակային քննարկման ու ուզում է կտրել երկրում լավ կրթություն ունենալուն միտված ծրագրի թևերը։ Հարությունյանը ի պատասխան հայտարարել էր, որ հանձնարարել է կազմակերպել ֆինանսական աուդիտ ու կխոսի դրա արդյունքներից հետո, կարծիք հայտնելով, որ Տեր Մեսրոպը հանրակրթության ոլորտին ամենամեծ վնասը հասցրած մարդկանցից է։

Սակայն ՀՀ կրթության նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանի անսպասելի մեկնաբանությունները, այդ թվում «Այբի» հետ կապված, խորապես զարմացրեցին մեզ: Եթե Արայիկ Հարությունյանը չփոխի իր վերաբերմունքը «Այբ» հիմնադրամի հանդեպ, ես և Ալյոնան ստիպված կլինենք վերանայել ՀՀ կրթական նախագծերին նվիրատվություններ անելու մեր պլանները»,-ասվում է Դավիթ Յանի գրառման մեջ:

Յանը հույս է հայտնել, որ կրթության նախարարը մանրակրկիտ կուսումնասիրի Հայաստանի ամենանշանակալի կրթական նախագծերից մեկի ստեղծման պատմությունն ու կվերանայի իր դիրքորոշումը:

Դավիթ Յանը հայտնի գործարար է, ABBYY համակարգչային ծրագրերի ընկերության հիմնադիրը։ Նա ծնվել և մեծացել է Հայաստանում: ABBYY ընկերությունը գործում է աշխարհի ավելի քան 8 երկրներում, նրա հաճախորդների թիվը կազմում է 30 մլն՝ 130 երկրներից։ Լինելով 21-ամյա ուսանող՝ Դավիթ Յանը ստեղծել է Lingvo էլեկտրոնային աշխարհահռչակ բառարանը, համակարգչային FINEREADER և այլ ծրագրերի հիմնադիրն է, որից օգտվում են միլիոնավոր մարդիկ ողջ աշխարհում։ Նա նաև հանդիսանում է առաջին գրպանի համակարգչի ստեղծողը: Դավիթ Յանը «Այբ կրթական հիմնադրամի» հիմնադիրներից մեկն է։ Ինչպես նաև մասնակցել է «ԹՈՒՄՈ» նախագծին:

 Ուշագրավ
Նա նաև շնորհակալություն է հայտնել բոլորին, ով աջակցել է նրան այս նախագիծը կյանքի կոչելիս
Հայկական արմատներ ունեցող ևս երեք գործիչ է մասնակցում ընտրույթուններին
Պաշտոնակատար է նշանակվել Վալերի Սեմերիկովը