ՊԵԿ նախագահ. Հանրությունը պետք է գիտակցի, որ էժան ապրանքը գնել է հարկեր չվճարելու հաշվին

ՊԵԿ նախագահ. Հանրությունը պետք է գիտակցի, որ էժան ապրանքը գնել է հարկեր չվճարելու հաշվին

PanARMENIAN.Net - Հանրությունը պետք է գիտակցի, որ էժան ապրանքը գնել է պետությանը հարկեր չվճարելու հաշվին: Այդ մասին հայտարարել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն՝ անդրադառնալով գյուղմթերք վաճառող ԱՁ-ներին ԱԱՀ դաշտ տեղափոխելու որոշմանը և դրա արդյունքում գյուղմթերքի ու մսամթերքի գների բարձրացման հարցին:

Երևանի որոշ խանութներում տավարի միսը թանկացել է ավելի քան 600 դրամով՝ կազմելով 3660 դրամ: 2018 թվականի առաջին եռամսյակում տավարի մսի մեկ կիլոգրամը կազմել է 3016 դրամ: Առևտրի խոշոր ցանցերից մեկում գրություն էր փակցված, համաձայն որի, մսի թանկացումը պայմանավորված է այսուհետ պետական բյուջե վճարվելիք մսի և բանջարեղենի ավելացված արժեքի հարկով:

ՊԵԿ նախագահը նշել է, որ ՊԵԿ-ը գնագոյացման, գների զսպման հետ կապված գործառույթներ չի իրականացնում, հայտնում է Yerkir.am-ը:

Նա նույնպես լսել է գնաճի վերաբերյալ գնահատականներ, քանի որ եթե նախկինում կառավարության հետ պայմանավորվածություններ են եղել` հարկերը թաքցնելու, դրա փոխարեն գյուղմթերքի գնաճը զսպելու նպատակով, հիմա այդ պայմանավորվածությունները չեղարկվում են, ուրեմն կլինի գների աճ:

«Մենք ասում ենք, որ տնտեսվարողները պետք է գործեն բացառապես օրենքի շրջանակներում, ինչը նշանակում է, որ գյուղմթերքի և մսամթերքի պարագայում, անցնելով ԱԱՀ դաշտ, պետք է վճարվեն բոլոր հարկերը` ամբողջ ծավալով: Եվ եթե այդ հարկերի վճարման շրջանակներում 50-60 տոկոս գնաճ կլինի, ուրեմն դրանք շուկայական հարաբերություններին ենք վերագրում: Դա կնշանակի, որ կողքի փոքր խանութներն ավելի մրցունակ կլինեն շրջանառության հարկի ներքո գործելու դեպքում»,- ասել է Դավիթ Անանյանը:

Նա լրագրողների ուշադրությունը բևեռել է մի կարևոր հանգամանքի վրա` ժամանակին սուպերմարկետները մտածել են, որ պետք է մրցակցեն իրենց հարևանությամբ գործող փոքր ու միջին ձեռնարկությունների հետ` արհամարհելով մասշտաբի էֆեկտը: ՊԵԿ նախագահի համոզոմամբ` այդպես չպետք է լինի:

«Մենք` որպես ՊԵԿ, մտածում ենք, որ եթե գները բարձրանան, մենք ուսումնասիրություններ կանենք` համոզվելու համար, արդարացված ու արժանահավա՞տ է գների բարձրացումը, թե ոչ: Եթե մենք աշխատում ենք բացառապես օրենքի շրջանակներում, և դա կառաջացնի խնդիրներ, չի նպաստի տնտեսության զարգացմանը, կխթանի աշխատողներին չգրանցելու արատավոր պրակտիկան, ապա օրենքը վերանայելու անհրաժեշտություն կառաջանա: ՊԵԿ-ը կհամագործակցի ֆինանսների նախարարության հետ` օրենսդրական փոփոխություններ ներկայացնելու համար: Սակայն, քանի դեռ օրենքը գործում է, լավն է այն, թե` վատը, պետք է գործենք այդ օրենքի շրջանակներում»,- ասել է Անանյանը:

ՊԵԿ նախագահի համոզմունքն է, որ հարկ վճարողները պետք է գործեն օրենսդրական դաշտում ամբողջ ծավալով, նրանց հետ այլևս չեն կարող լինել ստվերային բանակցություններ: Նախկինում համաձայնություններ են եղել ՊԵԿ-ի ու որոշ գործարարների միջև, և այդ համաձայնությունները հավանության են արժանացել ավելի բարձր շրջանակներում` մինչև վարչապետ:

«Ես չեմ կարող գործարարի կամ ՊԵԿ պաշտոնյայի անուն հնչեցնել, որովհետև համակարգն է համաձայնության եկել այդ մարդկանց հետ: Բայց եթե համաձայնությունները եղել են ապօրինի երկու կողմերի համար էլ, ապա, այո, պետք է պատժվեն երկու կողմերն էլ: Միաժամանակ չեմ կասկածում ՀՀԿ-ի ազնվությանը, որ այդ քայլին գնացել են գյուղմթերքի գների աճը զսպելու և գյուղացիների դժգոհությունը մեղմելու համար, բայց ես հիմա դավանում եմ այլ արժեքներ ու սկզբունքներ` լինելով ՊԵԿ նախագահ: Նույնիսկ այն, ինչ կատարվել է ազնիվ մղումներով, ինձ համար ընդունելի չէ, որովհետև դա չի բխում օրենքից»,- ասել է Անանյանը:

ՊԵԿ նախագահը պնդում է` հարկային օրենսգիրքը պետք է կիրառվի Ավետարանի սկզբունքով` լավն է այն, թե` ոչ, և եթե կիրառման արդյունքում պարզ դառնա, որ օրենսգիրքը փոփոխման կարիք ունի, ապա այդ փոփոխությունները պետք է նախ ներկայացնեն հանրային լայն քննարկման և հավանության, դա է ՊԵԿ-ի տեսլականը:

«Եթե պարզ դառնա, որ գների բարձրացումը պայմանավորված է շուկայական հարաբերությունների թելադրանքով, ուրեմն պետք է ֆիքսել, որ նախկինում գների աճի զսպումը կատարվել է թաքցրած հարկերի հաշվին, և հանրությունը պետք է գիտակցի, որ ինքը էժան ապրանքը գնել է պետությանը հարկեր չվճարելու հաշվին: Ուստի դժգոհությունը պետք է լինի ոչ թե ՊԵԿ-ից, այլ հարկային համակարգից, օրենսդրությունից»,- ասել է Անանյանը:

Ավելի վաղ, ԱԱԾ-ն բացահայտել է հարկերի վճարումից խուսափելու նպատակով հայաստանյան խոշորագույն տնտեսվարողներից մեկի՝ «Ալեքս Հոլդինգ» ՍՊ ընկերության կողմից մշակված և գործունեության ընթացքում տևական ժամանակ կիրառված սխեմա, որի իրագործման համար օգտագործվել են հարյուրավոր քաղաքացիների անվամբ հիմնադրված, փաստացի կեղծ ձեռնարկատիրություն իրականացնող ԱՁ-ներ: Այս ձևով ընկերությունը խուսափել է ԱԱՀ և շահութահարկ վճարելուց որոշ ապրանքատեսակների՝ այդ թվում մսի և բանջարեղենի համար:

Նույն սխեմայով է աշխատել նաև ցանցային առևտրով զբաղվող 11 խոշոր կազմակերպություն:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---